Տորոնտոյի Փիրսոնի անվան միջազգային օդանավակայանում ինքնաթիռը վթարի է ենթարկվել և շրջվել, որի հետևանքով 18 ուղևոր է վիրավորվել։ Այս միջադեպին նախորդել էին ձյան առատ տեղումներ, ինչի պատճառով մի շարք չվերթեր հետաձգվել կամ չեղարկվել էին։
Այս մասին հաղորդում է կանադական CBC լրատվամիջոցը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով փետրվարի 17-ի ցերեկը։
ԱՄՆ Մինեապոլիս քաղաքից Կանադայի Տորոնտո մեկնող ինքնաթիռում եղել է 80 մարդ՝ 76 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Ավիավթարից հետո օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։
աղբյուրը ՝ 168.am