Foto

ՀՀ-ն հրաժարվել է ընդունել հանցագործություն կատարած ՀՀ քաղաքացուն, թեև երրորդ երկիրը պատրաստակամ է հանձնել

Փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է հերթական խնդրահարույց օրենքի կիրառման մասին։ «Մի խայտառակ ու հակասահմանադրական օրենսդրական կարգավորում է ուժի մեջ մտել 2024 թվականի դեկտեմբերին։ Խոսքը «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված ինչ որ չափորոշիչների ու դրանց հետ կապված կարգավորումների մասին է, որոնցով առաջնորդվելով, ՀՀ-ն կարող է աննպատակահարմար համարել արտերկրում պատիժը կրող ՀՀ քաղաքացի դատապարտյալի Հայաստանի քրեակատարողական հիմնարկ փոխանցելը և այդ հիմքով մերժել սեփական քաղաքացուն ընդունել․․․»,- գրել է նա։ Vesti.am-ը թեմային վերաբերյալ հարցեր է ուղղել խնդրի մեջ հայտնված քաղաքացու պաշտպան Լևոն Սահակյանին։ 

-         Ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը, որով ՀՀ-ն հրաժարվում է իր քաղաքացու պատիժը սահմանել սեփական երկրում։ Ի՞նչ հանցանք է կատարել ՀՀ քաղաքացին Մեծ Բրիտանիայում։

-         ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ քաղաքացին էքստրադիցիայի ենթակա չէ, արտերկրում գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո և ՀՀ մուտք գործելու իրավունք ունի, և այդ իրավունքը, Սահմանադրության համաձայն, անգամ օրենքով չի կարող սահմանափակվել։   ՀՀ քաղաքացին Մեծ Բրիտանիայում 2021 թվականին դատապարտվել է սպանություն կատարելու համար։

-         Որքա՞ն ժամանակով է դատապարտվել ՀՀ քաղաքացին։

-         Դատապարտվել է 30 տարի 352 օր ժամկետով ազատազրկման։

-          Ի՞նչ իրավական հիմքերով և ի՞նչ որոշում եք վիճարկում վարչական դատարանում։

-          Վարչական դատարանում վիճարկում ենք այն վարչական ակտը, որով աննպատակահարմար է ճանաչվել մեր վստահորդի փոխանցումը և այդ հիմքով մերժվել է: Վարչական դատարանին խնդրում ենք պարտավորեցնել համապատասխան նախարարությանը` կայացնել ՀՀ քաղաքացուն համապատասխան քրեակատարողական հիմնարկ փոխանցելու վերաբերյալ որոշում։

-         Ի՞նչ հիմքերով եք պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան։

-          Նախարարի հրամանի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու միջնորդությամբ արդեն դիմել ենք ՀՀ վարչական դատարանին, մյուս դատական նիստին հավանաբար ներկայացնելու ենք միջնորդություն, որպեսզի Վարչական դատարանը դիմի ՍԴ` արդեն օրենքի սահմանադրականության հարցով: Այստեղ ուշագրավ է, որ օրենքն ընդունվել է մեր կողմից հայցադիմում ներկայացնելուց հետո: Եթե Վարչական դատարանը մերժեց մեր միջնորդությունը, ապա համապատասխան փուլում մենք ինքներս կդիմենք ՍԴ: Այստեղ միակ իրավական հարցը, որը մեր գործով դեռ քննարկում ենք, տվյալ օրենքի մեր գործով կիրառելության հարցն է: Բանն  է, որ պարտավորեցման հայցով կիրառելի է դատական ակտը կայացնելու պահին գործող օրենսդրությունը, սակայն տվյալ օրենքի անցումային դրույթներով նախատեսված է, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ծագած՝ իրավական օգնության իրականացման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նախկին կարգավորումները: Ստացվում է, որ այդ օրենքն իմ վստահորդի նկատմամբ անցումային դրույթների ուժով միևնույնն է չի կարող կիրառվել: Սակայն օրենքը շարունակում է մնալ հակասահմանադրական և դրա դեմ պետք է պայքարել:

-          ՀՀ իշխանության այս «չափորշիչների» սահմանումը միջազգային իրավական ի՞նչ ակտեր է խախտում և, ըստ Ձեզ, ի՞նչ միտում է հետապնդում։

-          Դատապարտյալների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայով, որտեղ «նպատակահարմարություն» բառ անգամ չկա: Այդ օրենքն ընդունվել է այն պայմաններում, երբ շատ երկրներ անգամ պատերազմում են իրենց քաղաքացիներին ՏՈՒՆ վերադարձնելու համար։  Այդ օրենքն ընդունվել է նաև այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհը մտքում ծիծաղում է Հայաստանի վրա, թե ի՞նչ կարգի այս երկիրը չի անհանգստանում թշնամի երկրում «դատվող» նվիրյալ քաղաքացիների ճակատագրով։ Հիմա էլ ունենք այս գործը, երբ Մեծ Բրիտանիան համաձայն է այնտեղ պատիժը կրող ՀՀ քաղաքացուն փոխանցել ՀՀ, դատապարտյալը ցանկանում է պատիժը կրել ՀՀ-ում, բայց ՀՀ-ն հրաժարվել է ընդունել սեփական քաղաքացուն՝ պատճառաբանելով, որ սոցիալական կապը ՀՀ-ի հետ քիչ է։  

Հեղինակ: Աննա Ավետիսյան