Մրցաշրջան-2024-ում հայկական սպորտ լի էր կանանց պայքարում մեծ հաղթանակներով: Տարվա ընթացքում երկու մեծ հաղթանակներով աչքի ընկավ երիտասարդ ծանրորդ Էմմա Պողոսյանը, որը փայլեց երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:
Անցած տարի Էմմա Պողոսյանը փառահեղ հաղթանակով դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության հաղթող: 18-ամյա ծանրորդը Ալեքսանդրսա Գրիգորյանի պես մի քանի անգամ ստիպեց երկրպագուներին եւ սպորտային հանրությանը վերապրել հաղթանակի բերկրանքը, կանանց ծանրամարտում նախկինում ունեցած մեծ ու հաղթական հիշողությունները:
Իր տպավորիչ հաղթանակներով Էմմա Պողոսյանն առաջին անգամ ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ մարզիկ:
Էմմա, մրցաշրջան-2024-ը շրջադարձային եղավ քո մարզական կարիերայում: Ինչպե՞ս ես գնահատում մրցումային տարին, ի՞նչը քեզ ավելի շատ ուրախացրեց:
2024 թվականը շատ ստացված էր ինձ համար, երկու խոշոր մրցաշարերում դարձա չեմպիոն: Մարզիչների հետ միասին շատ ենք աշխատել, ստացվեց եւ հասանք մեր նպատակին: Սրանով չենք բավարարվելու, պետք է ավելացնել եւ ավելի մեծ հաղթանակների հասնել: Ինձ ամենաշատն ուրախացրեց աշխարհի առաջնությունում տարածս հաղթանակը:
Ո՞րն է քեզ համար տարվա ամենամեծ հաղթանակը:
Համեմատության կարգով ամենամեծ հաղթանակս երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն էր: Չէի սպասում, որ կկարողանամ հաղթել: Պատրաստ էի, լավ մարզավիճակում էի, բայց մրցակիցներս շատ ուժեղ էին, ես էլ մրցումներից առաջ հոգեպես լավ վիճակում չէի: Մարզիչներիս օգնությամբ եւ աջակցությամբ հավաքվեցի եւ հաղթեցի: Իսկապես մեծ պայքար կար իմ քաշային կարգում: Եվրոպայի առաջնությունում ավելի հեշտ էր, մեկ ծանրորդ էր մրցակիցս: Այդ պատճառով առանձնացնում եմ աշխարհի առաջնությունը:
2024-ում կատարված երազանք ունեցե՞լ ես:
Ունեմ կատարված երազանք, որի համար շատ ուրախ եմ, բայց չեմ կարող ասել, թե ինչ երազանք էր: Այն, ինչ ուզում էի, եղավ 2024-ում:
Ամենահիշարժան օրը...
Ամենահիշարժան օրս 2024 թ. սեպտեմբերի 25-ն էր, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Շատ տպավորիչ էր, հատկապես պարգեւատրման արարողությունը: Նվաճեցի ոսկե մեդալը, դրանից հետո կատարվեց իմ երազանքը: Շատ հիշարժան օր էր:
Ի՞նչ մտքերով ճանապարհեցիր 2024-ը:
Տարին ճանապարհել եմ ցանկությամբ, որ իմ մարզական կարիերայում բոլոր տարիներն այդպիսին լինեն: 2024-ը հաջող ստացվեց բոլոր ծանրորդների համար: Կուզեմ, որ այդպիսի հաղթանակներ միշտ ունենանք:
Սիրո՞ւմ ես Նոր տարին, տոնական օրերը:
Շատ եմ սիրում Ամանորը, Սուրբ Ծնունդը: Սիրում եմ անցկացնել մեր ընտանիքի հետ, տանը: Նախկինում սիրում էի միմյանց տուն այցելելը, շնորհավորելը, հիմա այդքան էլ չեմ սիրում: Նախընտրում եմ տանը մնալ: Ես ապրում եմ Գյումրիում, տատիկիս հետ, բայց Նոր տարին նշում եմ իմ ընտանիքի հետ Հոկտեմբերյանում:
Տոնածառ զարդարել սիրո՞ւմ ես:
Տոնածառ զարդարել նույնպես շատ եմ սիրում: Սովորաբար ես եմ զարդարում մեր տան տոնածառը:
Ո՞րն է քո ամենասիրելի ուտեստը տոնական սեղանից:
Սմենասիրելին բլինչիկն է եւ խոզի բուդը:
Հավատո՞ւմ ես Ամանորի հրաշքին:
Հրաշքներին հավատում եմ: Եթե դու ուզենաս, ամեն ինչ կլինի, հնարավոր կլինի, հրաշքը կլինի:
Եթե հանդիպեիր Ձմեռ պապին...
Եթե հանդիպեի Ձմեռ պապիկին կուզեի, որ մեծ սպորտում մեծ երազանքս իրականացներ՝ դառնայի օլիմպիական չեմպիոն, եթե, իհարկե, նա կարողանում է այդպիսի երազանքներ իրականացնել:
Ո՞րն է Նոր տարվա «հեքիաթը» քեզ համար:
Ես միշտ իմ ծնողներից հեռու եմ: Տոնական օրերին իրենց հետ միասին ժամանակ անցկացնել իմ Նոր տարվա հեքիաթն է: Այդ ընտանեկան ջերմ մթնոլորն է հեքիաթը: Տարվա մեծ մասն անցկացնում եմ Գյումրիում, քանի որ այնտեղ եմ մարզվում: Շատ եմ սիրում այն օրերը, երբ ընտանիքիս հետ եմ լինում, բոլորով հավաքվում ենք եւ Նոր տարի դիմավորում:
Ի՞նչ երազանքներով եւ նպատակներով ես դիմավորել 2025-ը:
Շատ մեծ երազանքներով եմ դիմավորել 2025-ը եւ մեծ հույս ունեմ, որ այս տարի նույնպես հաջողությունների տարի կլինի բոլորիս համար: Արդեն սկսել են մեր հաղթանակները, պետք է ամեն ինչ անենք, որ պարտություններ չլինեն: Ուզում եմ այս տարի կանանց ծանրամարտում չեմպիոններ շատ ունենանք, նաեւ ունենանք աշխարհի չեմպիոն մեծահասակներում, որպեսզի միայն Նազիկ Ավդալյանը չլինի:
Շնորհավորում եմ բոլորին, թող 2025-ը խաղաղության եւ հաջողությունների տարի լինի:
Լուսինե Շահբազյան