Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր սպանվել է 45 100 ուկրաինացի զինվոր, իսկ վիրավորների թիվը հասել է 390 հազարի, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ճշգրիտ թվերը մեզ համար շատ կարեւոր են։ Հստակեցնեմ. վիրավորների թիվն ավելի շատ է, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, իսկ հետո վերադարձել մարտի դաշտ եւ նորից վիրավորվել»,- ասել է Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հարցազրույցում։
Միեւնույն ժամանակ, ռուսական կորուստները, ըստ Զելենսկու, կազմում են մոտավորապես 350 հազար սպանված, եւս 50-70 հազարը համարվում է անհետ կորած, 600-700 հազարը վիրավորվել է։ «Հարաբերակցությունը մեկը երկուսի է, քանի որ դաշտային բժշկությունն ավելի թույլ է, քան մերը, եւ վիրավորին հետ չեն բերում, եթե մարդ վիրավորվում է մարտի դաշտում, նա մնում է այնտեղ»,- նշել է Զելենսկին։ Դեկտեմբերի սկզբին նա նշել էր 43 հազար զոհված ուկրաինացի զինվորների, ինչպես նաեւ 370 հազարի վիրավորվելու մասին։ Այնուհետեւ Զելենսկին նշել է, որ ուկրաինական բանակում վիրավորների մոտ 50 տոկոսը վերադառնում է ծառայության։ Այդ ժամանակ, ըստ նրա, ռուսական կորուստները կազմել են ավելի քան 750 հազար մարդ՝ 198 հազար սպանված եւ ավելի քան 550 հազար վիրավոր։ UA Losses նախագծի համաձայն, որը բաց տվյալների հիման վրա գնահատում է ուկրաինական զինված ուժերի սպանված զինծառայողների թիվը, 2022թ. փետրվարի 24-ից մինչ օրս մահացել է 63 584 զինվորական։ Ռուսաստանում լրագրողներն ու կամավորները կարողացել են բաց աղբյուրներից բացահայտել առնվազն 91 059 ռուս զինվորականների անունները, որոնք մահացել են Ուկրաինա ներխուժման ժամանակ։
Արեւմտյան հետախուզությունները ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի կորուստները գնահատում է հարյուր հազարավոր սպանվածներ եւ վիրավորներ։ Պենտագոնի տվյալներով՝ նոյեմբերի դրությամբ Ռուսաստանի ընդհանուր կորուստները կազմել են 615 հազար՝ 115 հազար սպանված եւ 500 հազար վիրավոր։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ռուսական բանակի ընդհանուր կորուստները գնահատել է 610 հազար մարդ, որից 200 հազարը զոհվել է, 400 հազարը՝ վիրավորվել։ Սա գերազանցում է 1945-ից ի վեր հակամարտությունների ժամանակ ռուսական բոլոր ռազմական կորուստները, ընդգծել է The Economist-ը։
Անցած տարվա հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին եւ դրանք համեմատել ռուսականների հետ։ Նրա խոսքերից հետեւել է, որ պատերազմի 27 ամիսների ընթացքում Ռուսաստանն ունեցել է շուրջ 135 հազար զոհ։
NEWS.am