Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմամբ՝ թե՛ 2024 թվականը, թե՛ գալիք 2025 թվականը պարզապես թվեր են, որոնց հետ կապված հայ ազգի բոլոր մտածումները, աղոթքները, նվիրումը պետք է միախառնվեն ու դառնան նպատակ, աշխատանք, որը պետք է կազմակերպված լինի իմաստուն կերպով։
«Իրականում ամեն ինչ կապված է մեր աշխատանքի հետ, մնացածն ամբողջը երազանքներ են, կենացներ ու բարեմաղթանքներ։ Այդ ամենը պետք է համեմված լինի նվիրական երազանքով՝ աշխատանքով, ծառայությամբ, որպեսզի մենք տեսնենք արդյունքը։
2024 թվականին արցախահայերի համար ինչ-որ աշխատանքներ արվել են, աստիճանաբար նրանք փորձում են ուղղել իրենց մեջքը։ Սակայն սոցիալական ծանր բաղադրիչը, որը կա՝ շարունակում է մնալ։ Այդուհանդերձ, արցախահայերն արդեն պատկերացում ունեն՝ գյուղում ապրե՞ն, թե՞ տեղափոխվեն քաղաք, այս աշխատանքն իրենց հարմա՞ր է, թե՞ հարմար չէ։ Այսպես իրենք տեսանելի կերպով տեսնում են իրենց ապագան, փորձում են տեղավորվել իրենց հարմար միջավայրում»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Արցախի թեմի առաջնորդը՝ ամփոփելով 2024 թվականը և խոսելով 2025 թվականի անելիքների ու մարտահրավերների մասին։
Սրբազանի խոսքով՝ արցախահայերը պետք է մշտապես համախմբված լինեն, սա շատ կարևոր է, քանի որ Արցախը կամ արցախահայերը երեկ չեն ստեղծվել, որ այսօր վերանան կամ հեռանան իրենց ակունքից։
«Արցախն Աստվածաստեղծ է, հայկական աշխարհի անբաժան մասը։ Այն, ինչն ավանդաբար ու պատմությամբ հաստատվել է, Արցախն էլ եղել է դրա անբաժան մի մասնիկը։ Այն, ինչը ձևավորվել է Արցախում, նույնն էլ եղել է Հայաստանում՝ լինի մշակույթ, կրոն, ավանդույթներ և այլն։ Այս առումով Արցախը պետք է շարունակի պահել ու պահպանել իր միասնականությունը՝ Հայաստանի մաս լինելուց չկտրվելով»,- հավելել է Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Շարունակելով միտքը, Սրբազանն ասել է՝ ցանկանում է, որ 2025 թվականին ավելի նպատակային աշխատանքներ իրականացվեն, կարևորագույն հարցերում լինի միակամություն, իսկ երկրորդական հարցերում յուրաքանչյուրն ինքը թող որոշի՝ տվյալ քայլն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։
«Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, սա ինչպես ուզում են, թող մեկնաբանեն. Արցախը պետք է մնա՝ որպես Արցախ։ Եվ այդ Արցախը պետք է կարողանա շարունակել իր գոյությունը՝ պահելով ու պահպանելով իր պետականությունը, իր ամբողջ քաղաքակրթությունը, որը դարերով ստեղծել է։ Սա է իմ մաղթանքը, սրա մասին են իմ աղոթքներն ու մտածումները։ Ես Աստծուց խնդրում եմ, որ տերը միասնական պահի մեզ, որպեսզի կարողանանք մեր առջև դրված գերխնդիրը լուծելի ու տեսանելի դարձնել մեր ժողովրդի համար։
Մաղթում եմ, որ մեր ժողովուրդը կարողանա խաղաղության մեջ ապրել։ Ոորտեղ էլ ապրում են, իրենց շուրջ սփռեն բարություն, այնպիսի մտածումներ, որոնցից դրական լիցքեր են ստանում։ Բացասական խոսակցությունների հագուրդ չտան, պահեն ու պահպանեն արցախցու դիմագիծը։ Ուզում եմ, որ կարողանան իրենց քայլերն ուղղեն նաև դեպի եկեղեցի և եկեղեցում գտնեն սեր, խաղաղություն, միասնականություն։ Թող տիրոջ օրհնությամբ 2025 թվականը խաղաղ լինի բոլորիս համար, ու քայլեր ձեռնարկենք՝ դեպի Արցախ մեր վերադարձն ապահովելու համար»,- ընդգծել է Արցախի թեմի առաջնորդը։