Foto

Ի՞նչ հեռահար նպատակներով է Ադրբեջանի գլխավոր դատախազությունն առաջարկություն անում ՀՀ-ին

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն առաջարկում է գերիների մասով համատեղ քննություն իրականացնել, համագործակցել։ Իսկ ի՞նչ հեռահար նպատակ կարող է ունենալ թշնամի պետության այս քայլը։ Նախ նկատենք, որ ՀՀ-ում ադրբեջանցի գերի չկա։ Այս մասին նույնիսկ Ալիևն է հատարարել։ Ստացվում է, որ քննություն է պետք միայն հայ գերիների մաոսվ։ Եթե Ադրբեջանի իրական նպատակը խաղաղությունն ու համագործակցությունն է, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, ապա կարող է պարզապես ազատ արձակել հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին և վերջ։ Այլևս քննության կարիք չի լինի, իսկ հարկ եղած դեպքում գերիները կպատժվեն ՀՀ ներքին օրենսդրությամբ։

Քանի որ, ՀՀ-ն բազմաթիվ միջազգային հարցեր է ներկայացրել Ադրբեջանի դեմ, այս չակերտավոր համագարծակցության առաջարկով Ադրբեջանը կկարողանա տիրապետել այն ապացույցներին, որ առկա է իր պետության դեմ և, հետևաբար, կպատրաստվի դրան։ Հնարավորություն կունենա լիարժեք տիրապետել ՀՀ ներքին օրենսդրական խնդիրներին։ Մասնավորապես, բազում անհետ կորածներ այսօր կարող են գերի լինել Ադրբեջանում, բայց եթե նրանց պահման մասին ՀՀ-ն պատշաճ տեղեկատվության չտիրապետի, ապա նրանց մասին Ադրբեջանը ևս կլռի։ Մյուս կողմից էլ՝ հնարավոր է, որ որոշ փաստաթղթեր պարազպես անհետանան և վերջ։ Այս դեպքում Ադրբեջանը միջազգային մակարդակում հաղթանակ կտանի։ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ որևէ կերպ չի առձագանքնել Ադրբեջանին։

Բարի կամքով այսօրինակ առաջարկություն անող պետությունն առնվազն թույլ կտար, որ գերիների, ում իրենք շինծու գործերով մեղադրանքներ են առաջադրել, փաստաբանները հնարավորություն ունենան մեկնել Ադրբեջան և պաշտպանել նրանց շահերը՝ Ադրբեջանի ներքին օրեսդրությամբ։ Հիմա միայն Ռուբեն Վարդանյանի դեպքում է դա հնարավոր եղել, սակայն  պաշտպանը լիարժեք հնարավորություն չունի Վարդանյանին հանդիպելու։

Այս պահին Ադրբեջանում դատավարությունների տակ է գտնվում 16 արցախցի, կամ ավելի լայն, հայ ռազմագերիներ, որոնք դեռևս չեն դատապարտվել, քրեական գործն ինչ-որ ընթացքում է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Քաղաքական դատավարությունները Բաքվում, ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Բայց քանի որ հատուկ հայտարարություն է եղել Ռուբեն Վարդանյանի մասով, հատուկ ուշադրություն կա և Ադրբեջանի իշխանությունների, և տարբեր միջազգային կառույցների կողմից, այս տեսանկյունից, կարծես թե, ադրբեջանական իշխանությունները հատուկ վերաբերմունք են ցուցաբերում, բացասական առումով, բոլոր քաղաքական ղեկավարների հանդեպ, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանի հանդեպ: Նաև՝ հաշվի առնելով, որ նրա ընտանիքը և միջազգային իրավաբանական թիմը ավելի հանրայնորեն և ավելի ագրեսիվ են պայքարում այդ քրեական գործերի դեմ։

Ես վստահ եմ, որ բոլոր գործերը կարված են, հաշվի առնելով, որ նաև թե ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ինչ մեղադրանքներ էին ներկայացնում ի սկզբանե, այդ թվում Ռուբեն Վարդանյանի, որոնք հիմնականում ներառում էին ահաբեկչության կազմակերպում, ֆինանսավորում և այլն: Իսկ Արցախի ժողովրդի պայքարը որևէ կերպ հնարավոր չէ ահաբեկչության մեջ տեղավորել, որովհետև այն, ինչը որ ռազմական է եղել, ինքնապաշտպանություն է եղել, մնացածը ամբողջապես քաղաքական է եղել»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նկատեց, որ նույն ռազմական պայքարը, ինքնապաշտպանության կոնտեքստում, էլի մեր քաղաքական իրավունքների, մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության համար է եղել։

«Ռուբեն Վարդանյանը, նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, և մնացած ղեկավարներն այս քաղաքական պայքարի դեմքերից, առաջնորդներից են եղել: Իրենք այնտեղ են, որովհետև ղեկավարել են, առաջնորդել են մեր քաղաքական պայքարը՝ 90-ականներից ի վեր»,- ընդգծեց Բեգլարյանը:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան