Կամչատկայում երեք օր առաջ անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, հայտնել է ՌԴ Կամչատկայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը։ Օդանավում գտնվող մարդիկ ողջ են մնացել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռում երեք մարդ է եղել, հայտնում է Коммерсант-ը։
«Ինքնաթիռը գտնվել է։ Մարդիկ ողջ են։ Դեռ չեմ կարող հստակ ասել, թե ինչ վիճակ է։ Տեղափոխելու ենք»,- ասել է Լեբեդևը VKontakte-ի իր էջում տեղադրված տեսանյութում։ Ավելի ուշ նա գրել է, որ Ան-2-ի մարդկանց նստեցրել են Մի-8 ուղղաթիռ և ուղարկել Միլկովո գյուղ։
«Ֆաերավիա» ավիաընկերության Ան-2 ինքնաթիռն անհետացել էր հինգշաբթի՝ դեկտեմբերի 19-ի կեսօրին։ Այն Միլկովոյից թռչում էր Օսորա ավան և կոմերցիոն բեռ էր տեղափոխում։ Ուստ-Կամչատսկից 160 կմ հեռավորության վրա վթարային վայրէջքի ազդանշան է հնչել։ Որոնողական աշխատանքները դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով։ Քննչական կոմիտեն և դատախազությունը ստուգումներ են անցկացնում։
Աղբյուրը՝ News.am