Դեկտեմբերի
19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության
և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձեւ։ Այս քվեարկությանը
նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը:
Եվրոպական խորհրդարանի
անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության
ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել
Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Խորհրարանն առաջարկում
է նաև կասեցնելն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում
են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված
իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց
դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։
Եվրոպական խորհրդարանը
խստորեն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների
և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևն ընդգծում է
2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի
շուրջ և կոչ անում անհապաղ ազատ արձակել բոլոր
քաղբանտարկյալներին: Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների մարդու իրավունքների կանոնավոր
խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների
նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները:
Կարևորն
է՝ բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության
նախկին ղեկավարները, կոչ արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների
հետ միասին։ Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ
բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության
դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ Այդ համատեքստում
պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը»
և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության
բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «մարդու իրավունքները
սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում
է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող
վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում
գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ
բռնաճնշումների քաղաքականությունը»։
Մեկնաբանելով
բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Այս
բանաձևը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու
անհրաժեշտությունը՝ Ալիևի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների և անարդարության
քաղաքականությունից։ Ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները
և անմարդկային պայմանները, որոնցում կալանավորվում են քաղբանտարկյալները, այդ թվում՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները և այլ կեղծ գործերով բանտարկված
հայերը, ներկայացնում են Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանձնառու է ապահովել, որ այս արժեքները պաշտպանվեն,
և մենք կշարունակենք մեր գործողություններում ընդգծել մամուլի ազատության, արդարադատության
և մարդու իրավունքների միջազգային սկզբունքները մեր գործողություններում»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
19
դեկտեմբեր 2024թ․









