Foto

Երրորդ տարբերակ չի կարող լինել

 

Նիկոլական «ՔՊ» կոչվող խմբակում տեղի ունեցող վերջին իրադարձությունները մեկնաբանվում են որպես իշխող քաղաքական թիմի ճգնաժամ, վերջի սկիզբ կամ էլ կործանում: Բայց Փաշինյանը և՛ իր պատգամավորական թիմին, և՛ կառավարությանը, և՛ ուժային կառույցներին «փշոտ ձեռնոցներով» պահում է իր տոտալ վերահսկողության տակ: Նույնիսկ սոցցանցային հաղորդագրություններով աշխատանքից ազատված պաշտոնյաներն են լռություն՝ խոշոր հաշվով, նաև հավատարմություն ցուցաբերում «միապետի» հանդեպ:

Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի «ապստամբությունը» կարող է մեկնաբանվել որպես թիմի թուլություն, բայց ՔՊ «մարտնչող» հատվածը դեռ տեղում է: Նրանք, նույնիսկ եթե համաձայն չեն Փաշինյանի ինչ-ինչ գործողությունների կամ կադրային քաղաքականության հետ, ապա իրենց բողոքը կարտահայտեն միայն իրենց իրական «տերերի» հրահանգով: Դրանք այն կենտրոններն են, որտեղից Փաշինյանի խառնիճաղանջ թիմ են «գործուղվել» ոչ ներքաղաքական նպատակներով: Ինչպես Փաշինյանի, այնպես էլ նրա թիմակիցների «հրահանգավորումը» և առաքելությունը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վերահսկումն է, իսկ ներքին հարցերում հրահանգված է «յոլա գնալ՝ մի դռան շան պես»:

Փաշինայի իշխանությունը հնարավոր է վերացնել երկու դեպքում:

Առաջինը Նիկոլին հեռացնելու շուրջ ներքին համաժողովրդական համախմբումը և միասնական քաղաքական կամքն է: Այս դեպքում Հայաստանը կարող է պահպանել իր ինքիշխանությունը և վերադառնալ միջազգային հարաբերությունների սուբյեկտայնության շրջանակ:

Երկրորդ տարբերակը աշխարհաքաղաքական որոշակի իրադարձությունների և դասավորությունների դեպքում Նիկոլի իշխանության գոյության աննպատակահարմարությունն է, երբ նրա ու նրա թիմի «հրահանգավորողները» կա՛մ կզրկվեն նրան հովանավորելու հնարավորությունից, կա՛մ կհրաժարվեն այլևս դա անել: Սա վատ տարբերակ է, որովհետև այդ դեպքում, եթե Հայաստանը նույնիսկ պահպանի ձևական ինքնիշխանությունը և շարունակի կոչվել պետություն, ապա միևնույն է չի կարողանալու արդյունավետ գործել և ինքնուրույն օրակարգեր իրականացնել:

Երրորդ տարբերակ չի կարող լինել, որովհետև հիմա հենց այդ երրորդ տարբերակում ենք գտնվում, և դա հակասում է մեր ազգային-պետական շահերին ու վտանգում է մեր գոյությունն՝ ընդհանրապես:

Եթե նկատեցիք, այստեղ չեմ խոսում հնարավոր տնտեսական կամ սոցիալական խնդիրների  մասին, որովհետև, պետականության կորստի համեմատ, անկարևոր են:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան