Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել օգնել հանգուցալուծել Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի իշխող կուսակցության մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել Մակրոնի միջև։ Մակրոնը նշել է, որ ցավում է Վրաստանում տիրող իրավիճակի համար և ցանկություն է հայտնել նպաստել, որպեսզի այդ իրավիճակը լիակատար հանգուցալուծում ստանա»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել է համատեղ ջանքեր գործադրելու գաղափարը։
«Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին կրկին կապ կհաստատեն և կգնահատեն ձեռք բերված առաջընթացը։ Զրույցը տևել է մեկ ժամ»,- նշված է հաղորդագրությունում։