Foto

Սիրիա-Հայաստան տրանզիտ


Սիրիայում ստատուս քվոյի պահպանման կամ, եթե կուզեք, ազգային հաշտեցման Աստանայի հարթակը ոչ թե երեք կողմ ուներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, այլ չորս՝ նաև ինքը Սիրիան: Այսինքն, Սիրիայի կառավարությունը նույնպես պարտավորություններ ուներ, որոնց կատարումից էր կախված, թե ինչպես և որքանով կարող են երաշխավոր կողմերն իրականացնել իրենց պարտականությունները:

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով Ասադը չկարողացավ կամ չուզեց իրականացնել իր պարտականությոթւնները և դա առիթ դարձավ, որ Թուրքիաքն, բացառապես իր շահերի գերակայությամբ, հովանավորի զինյալ խմբավորումների արշավանքը Սիրիայի վրա: Դրան չկարողացավ լրջորեն խոչընդոտել ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը: Այսինքն, եթե հասկանալի ձևով ներկայացնենք իրավիճակը, ապա Թուրքիանին առիթ էր պետք՝ օկուպացնել Սիրիայի տարածքը և դրա համար նա շահարկեց սիրիական «ընդդիմության» իբր իրավունքները, քանի որ Ասադի իշխանությունը ոչ թե փորձեց լուծել իր երկրի ներքին խնդիրները, այլ հույսը դրեց Իրանի և Ռուսաստանի աջակցության և Թուրքիայի՝ իբր լոյալության և խաղաղության խոստումների վրա:

Հայաստանի շուրջը գրեթե նույն իրավիճակն է: Նիկոլ Փաշինյանը «տարածաշրջանում կայուն խաղաղության» դիմաց խոստանում է սահմանադրություն փոխել, սահմանազատում իրականացնել՝ Ադրբեջանի պահանջներով ու քարտեզներով, բանակը կրճատել, հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման քաղաքականությունից, Ադրբեջանի նկատմամբ միջազգային դատական ատյաններում հայցերից, Արցախի խնդրից: Ի լրումն դրան՝ դեմ չէ «Զանգեզուրի միջանցքին» և ադրբեջանցիների վերադարձին «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ ՀՀ տարածք:

Բնական է, որ հայ ժողովուրդը և Հայաստանի բնակչությունը, բացառությամբ ՔՊ խմբակի, դեմ է դրան: Բայց չէ՞ որ խոսքը գնում է «տարածաշրջանում կայուն խաղաղության» մասին, որի ուղիղ շահառուներից են Թուրքիան և Ադրբեջանը: Վաղը, եթե ընտրությունների միջոցով կամ ինչ-որ այլ հանգամանքների բերումով Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություին, որը չի համաձայնվի Փաշինյանի առաջադրած թեզերի հետ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կվարվեն Թուրքիան և Ադրբեջանը: Վայրկյան իսկ չկասկածեք, որ նրանք ամենաբարձրը կգոռան, թե Հայաստանի նոր «ռևանշիստական» իշխանություններն անտեսում են «տարածաշրջանում կայուն խաղաղությունը» և պետք է օգնել Հայաստանի արդեն ընդդիմությանը, այսինքն Փաշինյանին, որպեսզի իրականացնի «խաղաղության խաչմերուկը»:

Եվ սա դեռ լավագույն դեպքում, երբ Հայաստանում բնական իշխանափոխություն լինի: Իսկ եթե վաղը լինի ընդդիմության հերթական բողոքի ալիք ու Փաշինյանը հանկարծ հայտարարի, թե իր կառավարությունն ի վիճակի չէ դիմադրել «ռևանշիստներին», պատկերացնո՞ւմ եք, թե ինչ փութաջանությամբ Երևան կմտնեն Ջերմուկում, Վարդենիսում ու Սյունիքում տեղավորված ադրբեջանական զորքերը: Մանավանդ այն դեպքում, երբ Փաշինյանն արդեն հայտարարում է, որ մենք մեզ ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում:


Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան