Foto

«Ի տարբերություն շատերիդ՝ իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում «կլուբնիկ-մայկա-տռուսիկ» մակարդակում»․ Տիգրան Աբրահամյանի արձագանքը ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հայտարարությանը, որը նա հնչեցրել է խորհրդարանում։ ՔՊ-ականը նեղսրտել էր  Աբրահամյանի՝ բանակի վերաբերյալ նախորդիվ արված հայտարարությունից ու նրան դիմելով՝ ասել էր․ «Ամոթ է, ինձնից երկու անգամ բոյով ես, գալիս, էստեղ կանգնում, ասում ես, թե մենք հարվածել ենք բանակին»։ Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով իշխանական խմբակցության անդամին, նշել է․

«ՔՊ ֆրակցիայի մի պատգամավոր, ԱԺ ամբիոնից, «արձագանքելով» ի պաշտպանություն զինծառայողների, հրամանատարների ու հավաքական բանակի մասին իմ ելույթին, խոսքը սկսեց հետևյալից` «դու ընդհանրապես տեսե՞լ ես մեր պաշտպանական դիրքերը, գնացեք, մի հատ այցելեք, տեսեք՝ ի՞նչ է կատարվում»:

Ավելի տհաս և զավեշտալի մեկնաբանություն իմ հասցեին երբեք չէի լսել: Ես մտածում էի, որ երբ նյութերիս տակ գրում էին` «Mek-mek el duq poster ayceleq» ասողները ադրբեջանական օգտատերեր են, այն է, պարզվում է, որ դրանց գաղափարական հայրը ԱԺ-ում է` ոչինչ չասող դեմքով և բովանդակությամբ:

Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են:

Վստահ եմ, որ սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ, բայց ոչ թե բառապաշարի, այլ դիրքեր, զորամասեր գնալու թեմայով զազրախոսելու համար:

Թե ես ինչպես, ինչ խորությամբ ու մանրամասներով եմ տիրապետում բանակի զարկերակին, շատերը գիտեն, այդ թվում` նաև ՊՆ-ում, ուղղակի իմ իմացածի 95%-ի մասին հրապարակային չեմ արտահայտվում, որովհետև դրանց ճնշող մեծամասնությունը փակ, գաղտնի բնույթի տեղեկություններ են:

Ի տարբերություն շատ շատերիդ, իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում «կլուբնիկ-մայկա-տռուսիկ» մակարդակում:

Ես չգիտեմ, թե ո՞վ էր ընտրել սույն պերսոնաժին բանակի թեմայով ինձ «արձագանքելու», սակայն սա լավագույն «նվերն» էր մեր հասարակության համար՝ համեմատության մեջ գնահատելու, թե սրանք կերպարային, բովանդակային և էության առումով ինչ սնանկ վիճակում են»: