Թբիլիսիում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված 26 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության 3 աշխատակից։ Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության՝ տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Բացի այդ, տեղում բուժօգնություն է ցուցաբերվել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, որոնք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։
Իր հերթին, Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ի երեկոյից մինչև դեկտեմբերի 3-ի առավոտը շարունակվող ցույցի 34 մասնակից բերման է ենթարկվել։
Վրաստանում ցույցերի նոր ալիքը սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։