Foto

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների վերաբերյալ

 Փաստաբանների պալատից հայտնում են․

«ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված փաստաբանների նախաձեռնող խմբի փաստաբանների կողմից  այսօր՝  2024 թվականի դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններին:

Փաստաբանները Գլխավոր դատախազին ներկայացրել են մի շարք հիմնավորումներ՝ նշված փաստերով քրեական վարույթ նախաձեռնելու և դրանց պատշաճ քրեաիրավական գնահատական տալու խնդրանքով:

Հիշեցնենք, որ փաստաբանները մասնավորապես բարձրաձայնել էին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետևյալ գործողությունների մասին՝

1. Վահե Հովհաննիսյանը 2021թ. հայտնել է, որ ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն:

2. Վահե Հովհաննիսյանը 1.050.000 ԱՄՆ դոլար գնով գնել է «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը, իսկ հետագայում այդ կազմակերպությունը վերակազմավորել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերության, իր բաժնեմասերը վաճառել է ազգականին: 2023թ. այդ նույն «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին ՀՀ կառավարությունը տրամադրել է 1,8 մլրդ դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի  ազատված մաքսատուրքը կազմել է 118 մլն. դրամ։  Հատկանշական է, որ 2023թ. դրությամբ Վահե Հովհաննիսյանը «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցել է 52.614.000 ՀՀ դրամի փոխառության պահանջի իրավունք.

3. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իրեն պատկանող հյուրատունը վարձակալության է տրամադրել «Վարդենի» ՍՊ ընկերությանը, որին առանց մրցույթի մեկ միլիոն դրամից ավել գնով վճարվել է ֆինանսների նախարարության աշխատակիցների համար խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով: Ընդ որում, նշված ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին հենց Վահե Հովհաննիսյանի կողմից, որը հետագայում փոխանցվել է իր ընկերոջը.

4. Երեք տարիների համար ներկայացված հայտարարագրում առկա են էական անհամապատասխանություններ: Մասնավորապես, 2023թ. հայտարարագրում նշել է, որ 2006թ. Տոյոտա մակնիշի տրանսպորտային միջոցը իբրև վաճառել է 25.000.000 ՀՀ դրամով:

Հ.Գ. Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյանը նաև ՀՀ կառավարությանը հարցում է կատարել ճշտելու համար՝ արդյոք «Ջի-Կոդեր» ՍՊԸ-ի հետ Վահե Հովհաննիսյանի շահագրգռվածության վերաբերյալ տեղեկությունները հայտնի եղե՞լ են ՀՀ կառավարության 09.11.2023թ. N 1942-Ա որոշման ընդունման ժամանակ, թե՝ ոչ:

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված

 նախաձեռնող խումբ»։