«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում
Հովիկ Աղազարյանին հեռացնելու կամ մանդատից զրկելու պրոցեսներ չկան։ Այս մասին լրագրողներին ասել է ՔՊ պատգամավոր Գագիկ
Մելքոնյանը։ «Չեմ կարծում, որ խմբակցությունը
կարող է նման քայլի գնալ։ Աղազարյանն էլ ժամանակ է խնդրել, կարծում եմ՝ մոտ ժամանակահատվածում
կարձագանքի վարչապետի խնդրանքին։ Դեմոկրատական երկիր է, մեր մոտ էլ՝ անգամ խմբակցության
ներսում, շատ քննադատություններ կան իրար նկատմամբ»,- նշել է Մելքոնյանը։
Ստացվում է, որ դեմոկրատական երկրում վարչապետը նամակագրությամբ կարող է պատգամավորին
խնդրել մանդատը վայր դնել, ԱԺ նախագահը սպառնա, որ ժողովրդի կողմից, ընտրությամբ ստացված
մանդատը վայր դնի, մյուս գործընկերները ճնշում գործադրեն, ասեն մանդատդ դիր ու շարունակեն
ասել, թե ժողովրդակարական են։ ՔՊ-ի ժողովրդավարությունը մի քիչ այլ է։ Երևի պետք է
ձևակերպումներ ու սահմանումներ տալ։ Օրինակ դժվար է պատկերացնել, որ ժողովրդավար ԱՄՆ-ում
կամ բռնապետական Հյուսիսային Կորեայում երկրի ղեկավարը նամակագրությամբ աշխատանքից
ազատի օրինակ անկախ դատական համակարգի ղեկավարին։ ԲԴԽ նախագահն իշխանության ճյուղերից
մեկի՝ դատական իշխանության ներկայացուցիչն է, ում ոչ վարչապետն իրավունք ունի նշանակելու
և ոչ էլ՝ ազատելու։ Ավելին՝ կոռեկտ չէ, որ սոցիալական ցանցերով ուղիղ շփումներ ունենան։
ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը անցում էր քրեական գործով և հնարավոր է, ԱՄՆ համապատասխան պաշտոնյան,
ում Փաշինյանը ՀՀ-ում նամակով աշխատանքից ազատում է, ԱՄՆ-ում կալանավորեր Թրամփին։
Մելքոնյանի հարցազրույցում մեկ այլ շատ կարևոր միտք կա։ Հարցին, թե ինքը
կդնե՞ր մանդատը, եթե վարչապետն իրեն «խնդրեր»՝ Մելքոնյանը պատասխանել է. «անպայման,
5 րոպե էլ չէի մտածի»։ Դե իհարկե, այստեղ Հռոմի պապուց ավելի կաթոլիկ լինելու անհագ
ցանկություն կա։ Բացի այդ՝ ևս մի միջոց է ընկերոջ հաշվին ինքնահաստատվելու։ Փաշինյանը,
երբ նախկին իշխանության դավանափոխներին իր թիմ էր ընդունում, պետք է սպասի, որ մի օր էլ՝ նոր դավանանքի հայտնվելու դեպքում, կրկին ճամբար են փոխելու։