Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի
Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծով առաջարկվում է կարգավորել օրհներգի,
ինչպես նաև օրհներգի
կատարման հետ կապված որոշ հարաբերություններ: Առաջարկվում
է սահմանել օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ:
Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի
հավելվածի տեքստին և վերահսկությանը համապատասխան սահմանել Հայաստանի Հանրապետության
օրենքի կարճ խմբագրության տարբերակ։
«Իմ վարչապետության
ընթացքում մինչև X պահը, պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես
ուշադիր եմ, և շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարման։
Չկա արագության ստանդարտ, այս տեմպի ստանդարտ, ընդհանրապես տևողության ստանդարտ, հնչողության
ստանդարտ, ընդհանրապես տեխնիկական պարամետրերի ստանդարտ»,- անդրադառնալով վերոնշյալին
ասել է Փաշինյանը:
«Մենք, օրինակ, որևէ
միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ
նշանակություն և ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին, որովհետև օրհներգը ի՞նչ,
YouTube-ում հազար հատ օրհներգ կա, մտնում ես, գրում ես Հայաստանի օրհներգ, օրհներգը
հնչում է։ Եվ իմ անձնական փորձը այն է եղել, որ երբեք որևէ մեկը իրեն հարց չի տվել՝
լսեք, բա ի՞նչ օրհներգ է հնչելու, ո՞նց է հնչելու։ Սա մի ֆունդամենտալ խնդիր է, որը
այս նախագծով մենք պիտի լուծենք»,- ասել է նա:
Վարչապետը, ինչպես
միշտ ցանկացած օրինակ բերում է սննդից և ամեն ինչ կապում է ուտելու հետ։
Ի վերջո որքանո՞վ է տեղին Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերց մեկը համեմատել
բաստուրմայի և սուջուխի հետ։ Սա, իհարկե, անարգանք է նախ պաշտոնի հանդեպ, որը զբաղեցվում
է, ապա պետության և հետո էլ այդ խորհրդանիշերի հանդեպ հարգանք ունեցող քաղաքացիների
նկատմամբ։
Մյուս ավելի լուրջ
խնդիրն այն է, որ օրհներգի տարբեր կատարումները կարելի է համարել սխալ, իսկ խմբագրված
տարբերակը կիրառելի։ Այդ նույն կենցաղային մոտեցմամբ՝ ստացվում է, որ օրհներգը, որի
տևողությունը 3-5 րոպե է, պետք է խմբագրվի, քանի որ այդ միջոցառումներին այդքան ժամանակ
չեն կարող տրամադրել օրեներգն ամբողջությամբ
լսելուն։ Խմբագրված օրհներգ ունենալն այլ բացատորություն չի կարող ունենալ։
Ավելի խնդրահարույց
է, երբ նախագծով հնարավորություն է տրվում փոխել օրհներգի տեքստը։ Կարևոր է հիշել,
որ արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ օրհներգի
նոր նախագիծ է բերելու ԱԺ, իսկ վերջերս խոսում էր արդեն դրա պատրաստ լինելու մասին։
Տեսնես օրհներգում ի՞նչ կա, որ խանգարում է «Խաղաղության պայմանագիր» կոչվածին։









