Foto

Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել

ՆԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է․

«Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում՝ մթերային խանութի դիմաց, յոթ տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով կրակել է, ինչից հետո 34-ամյա և 40-ամյա տղամարդիկ 19-ամյա երկու երիտասարդի հետ «Սուզուկի» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի:

Նոյեմբերի 20-ին, կեսգիշերից քիչ անց, վեճի մասնակից 42 և 41 տարեկան տղամարդիկ, խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են Եղեգնաձորի բաժին:

Հետագա միջոցառումներն իրականացվեցին Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների և պարեկների հետ: «Սուզուկի» մակնիշի մեքենան հայտնաբերվեց Արարատի մարզի Զոդ բանավանի տարածքում: Մեքենայում եղած չորս տղամարդիկ էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին: Ատրճանակը մեքենայում էր:

Կազմված փաստաթղթերը և ձերբակալված տղամարդիկ ներկայացվեցին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, իսկ այստեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ի հայտ եկան նոր հանգամանքներ:

Ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ վիճաբանության ընթացքում չորս հոգին, նրանցից մեկի կողմից զենքի գործադրմամբ, փորձել են առևանգել եղեգնաձորցի 41-ամյա տղամարդուն, ինչը, սակայն, իրենց կամքից անկախ ավարտին հասցնել չեն կարողացել:

Քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի հատկանիշներով` մարդուն առևանգելու փորձը, նախաձեռնվել է քրեական վարույթ: 40-ամյա եղեգնաձորցին և 19-ամյա երևանցին դատարանի որոշմամբ կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»: