Foto

Ռուսաստանը սկսել է քաղաքացիությունից զրկել երդման արարողակարգը չանցած անձանց

Ռուսաստանի ՆԳՆ-ն այսօրվանից սկսում է զրկել ՌԴ քաղաքացիության կարգավիճակց ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց, որոնք չեն անցել երդման արարողակարգը։ Համապատասխան նորմերն ամրագրված են ՌԴ նախագահի քաղաքացիության հարցերի վերաբերյալ հրամանագրում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել են ՆԳՆ մամուլի կենտրոնում, նոյեմբերի 22-ին լրացել է այդ կարգի քաղաքացիների երդում տալու ժամկետը։ «2024թ. նոյեմբերի 23-ից այդ անձինք կհամարվեն Ռուսաստանի քաղաքացիություն չստացած, իսկ նրանց քաղաքացիություն տալու որոշումները կհամարվեն անվավեր»,- ասել են գերատեսչությունում։ Միաժամանակ, հրամանագրի կետերը չեն վերաբերում նրանց, ովքեր ՌԴ քաղաքացիություն ստացել են մինչեւ 2017թ. սեպտեմբերի 1-ը, երբ ուժի մեջ է մտել երդում տալու պարտավորությունը, կամ ազատվել են դրանից քաղաքացիություն ստանալու պահին։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր հայրենակիցներին, որոնք քաղաքացիություն են ստացել  2017թ. սեպտեմբերի 1-ից հետո, որ անհրաժեշտ է կարճ ժամկետում երդում տալ։ Այս կարգը տարածվում է նաեւ երեխաների վրա, եթե նրանց քաղաքացիություն տալու մասին որոշումը ընդունվել է մինչեւ նրանց 18 տարեկան դառնալը։

Պարտադիր երդում մտցնելու առաջարկը ՌԴ քաղաքացիություն ստանալիս պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն արվել է 2017թ. ամռանը։ Արարողակարգը ենթադրում է տեքստի ընթերցում եւ ստորագրություն ձեւաթղթի վրա։ 2023թ. ընդունվել է դաշնային օրենքը եւ ստորագրվել նախագահի հրամանագիրը, որոնք պահպանել են այդ նորմերը։ Վերջին նախագահական փաստաթղթում ասված է, որ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիություն ստացողները երդում տան մեկ տարվա ընթացքում։