Foto

Երեք պահեստազորայինների դանակաhարnւթյան պատճառը «արայով» դիմե՞լն է եղել. մանրամասներ

MediaHub-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել երեկ Վարդենիսի զորամասերից մեկում տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ։ 

Ըստ մեր լուրերի, վիճաբանության և դրան հաջորդած դանակահարության պատճառը եղել է «արա» բառը։ Հիմնական վեճը եղել է վարժական հավաքի մասնակից սպաներից մեկի և մեկ այլ պահեստազորայինի միջև։ 

Կապի միջոցով պահեստազորայիններից մեկն իր հետ խոսող պահեստազորային սպային «արայով» է դիմել, ինչը բարկացրել է վերջինիս, փոքր լեզվակռիվ է տեղի ունեցել, ապա՝ հանդիպում։ Հանդիպման ընթացքում թեման կրկին տաքացել է, և պահեստազորի սպան դանակով հարվածներ է հացրել նախ իր հետ վեճի բռնվածին, ապա նաև իրենց «բաժանող» երկու պահեստազորայիններին։ Ավելին, դրանից հետո նա փորձել է նաև ինքնավնասման գնալ՝ դանակով իրեն հարված հասցնելով։ 

Այս մասով MediaHub-ը դիմեց ՊՆ-ին՝ պաշտոնական տեսակետ լսելու համար, սակայն որևէ մեկնաբանություն գերատեսչության մամուլի քարտուղարը չտվեց՝ նշելով, որ հարցը ՔԿ-ի տիրույթում է, նախաքննություն է ընթանում։  

ՔԿ-ից էլ MediaHub-ին որևէ բան չհայտնեցին՝ կրկին նշելով, որ նախաքննության ընթացքում ոչինչ ասել չեն կարող։ Միայն տեղեկացրին, որ անձը շարունակում է մնալ ձերբակալված։ MediaHub-ը պատրաստ է հրապարակել նաև պաշտոնական մեկնաբանությունները թե՛ ՊՆ-ի կողմից տրամադրված, թե՝ ՔԿ-ի։ 

Հիշեցնենք՝ երեկ գրել էինք, որ Վարդենիսի զորամասերից մեկում վարժական հավաքի երեք մասնակից է դանակահարվել, որոնք տեղափոխվել են հոսպիտալ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է: ՔԿ-ից հայտնել էին, որ  ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ։