ՆԳՆ ոստիկանության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բնակչության շրջանում հետևողականորեն շարունակում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։
Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գավառ համայնքի վարչական տարածքի՝ Սևանա լճի ափամերձ հատվածում զենք-զինամթերք է թողել։ Սևանի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՊԿ» տիպի գնդացիր, ատրճանակ և տարբեր տեսակի ու տրամաչափի 95 փամփուշտ։
Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև մարտի 19-ին։ Ծովագյուղ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և տարբեր տեսակի ու տրամաչափի 105 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ճամբարակ քաղաքի 59-ամյա բնակիչը կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, իսկ 57-ամյա բնակիչը՝ «ՏՕԶ» տիպի մեկփողանի որսորդական ակոսափող հրացան։
Մարտի 19-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ճամբարակ քաղաքի հարակից տարածքում գտնվող տաղավարի մոտ։ Համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել են 2 ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչներ և ինքնաձիգի 31 փամփուշտ։
Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 23-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին ներկայացած 36-ամյա երիտասարդը հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Գանձակ գյուղի 58-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է երկփողանի որսորդական ողորկափող հրացան և 60 փամփուշտ։ Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Հաջորդ դեպքում էլ 21-ամյա մի երիտասարդ Գավառի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի որսորդական ակոսափող հրացան։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
ՆԳՆ ոստիկանություն









