Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է։ Արդարացման դատական ակտը կայացրել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սարգիս Հովհաննիսյանի նախագահությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են դատարանից։
Քրեական վարույթը, որի շրջանակներում դատավորին մեղադրանք են ներկայացրել պաշտոնեական անփութության հատկանիշներով, վերաբերում է դատավորի՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարման տարիներին։ Ըստ քրեական վարույթի՝ մահվան ելքով վթարի գործով դատավորը դատական ակտն ուշ է ուղարկել, ինչի հետևանքով վաղեմության ժամկետ է անցել։ Դատավորի լիազորությունները կասեցվել են 2025թ․ հունվարից։
Պաշտպանության կողմն ի սկզբանե պնդում էր, որ դատավորը չի կարող այս հանցագործության սուբյեկտ լինել։ Բացի այդ, միջազգային պրակտիկայում հստակ ամրագրված է՝ անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորի քրեական պատասխանատվությունը բացառվում է, հետևաբար, եթե առկա է կարգապահական պատասխանատվության միջոց, ապա պետք է կիրառվի այդ միջոցը, իսկ քրեական պատասխանատվությունը պետք է ծայրահեղ լինի, առավել ևս, պաշտպանության կողմն ի սկզբանե արձանագրել էր՝ հանցակազմի տարրեր առկա չեն։ Մինչ Ստեփանյանի վերաբերյալ արդարացման դատական ակտի կայացումը դեռ ամիսներ առաջ դատարանն այս հանգամանքներն արդեն իսկ անդրադարձել էր՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտով։ Մասնավորապես, դատավորի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց, որը բողոքարկվել էր այն հիմնավորմամբ, որ հանցակազմ չկա, դատավորը չի համարվում պաշտոնեական անփութության սուբյեկտ, որ սա առավելագույնը կարող է գնահատվել կարգապահական պատասխանատվության հիմքերի տեսանկյունից և բացառվում է քրեական պատասխանատվությունը՝ պաշտոնեական անփութության համար։ Դատարանը բավարարել է բողոքը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը և այն, որ դատավորը նշված վարույթով չի կարող լինել սուբյեկտ։









