Foto

«Հրապարակ». Նորից իրավիճակ է փոխվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիեւի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ժամանակ էյֆորիկ տրամադրության մեջ են եղել` խանդավառությամբ են պատմել հանդիպումից:

Փաշինյանն ասել է, որ Ալիեւի հետ մի շարք հարցերի շուրջ կարեւոր քննարկումներ է ունեցել, անդրադարձել են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, իսկ ավելի կոնկրետ՝ բեռնափոխադրումների վերականգնմանը, ինչն ամենից շատ է ոգեւորել թե՛ Փաշինյանին, թե՛ Արարատ Միրզոյանին, եւ նրանք ՔՊ-ականներին վստահեցրել են՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը մոտ ապագայում կծաղկի տնտեսապես, եւ մարդիկ գոհ ու երջանիկ կլինեն։

Ասել են, թե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սկսեն գործարկել բեռնափոխադրումները՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծով։ Եվ որ առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկել երկաթգծի վերանորոգման ուղղությամբ:

Այս մասին հրապարակավ խոսել էին նաեւ որոշ ՔՊ-ականներ։ ԱԳՆ մեր աղբյուրներից, սակայն, իմացանք, որ այս նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին», եւ ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ:

Թե որն է պատճառը` կան ընդամենը ենթադրություններ, որ Ադրբեջանը կողմ է ռուսական վերահսկողությանը, որ հետո ցամաքային կապի դեպքում էլ նույն  վերահսկողությունը լինի` անվտանգությունն ապահովողը ռուսները լինեն։ Բացի այդ, Ալիեւը, Փաշինյանի պես, չի փորձում «թռնել Պուտինի գլխից», հատկապես որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռեւս չեղարկված չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում