Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության նոր ծրագիրը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը կիրականացվի մինչեւ այս տարվա դեկտեմբերը ներառյալ։ Իսկ հունվարից աջակցության ծրագիրը կփոփոխվի։ «Սակայն, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից տեղանահվածների տնտեսական ինտեգրման դրական միտումները, մյուս կողմից, բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը, առաջարկում ենք 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանական կնվազեցնենք ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեկանությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախ խմբերին։
Այսպիսով, 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ։ Այս ամիսների ընթացքում մինչեւ մարտ աջակցության շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ եղել է 2024 թվականին։ Սակայն 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ մենք առաջարկում ենք սոցիալական աջակցության չափը սահմանել 40 հազար դրամ, միաժամանակ հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերի հետեւյալ անձանց՝ մինչեւ 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձանց, 63 եւ ավելի տարիք ունեցող անձանց կամ կերակրողին կորցրածներին, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։ Իսկ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակենք նույն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով»,- ասաց նախարարը։ Նիկոլ Փաշինյանը հարցրեց․ «Այս որոշմամբ մենք ի՞նչ ենք ասում՝ մինչեւ գարուն շարունակվելու է 40+10 ծրագի՞րը»։
Աղբյուրը՝ Aravot.am