Foto

Սահմանվել է պարզեցված ընթացակարգ առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը փետրվարի 27-ին մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացվող քննարկմանը, որը վարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Քննարկվել են Հայաստանի շինարարների միության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի առաջարկները։

Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքին էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրներին, գործընթացների ժամկետներին, նոր կառուցվող ենթակայանների զբաղեցրած հողամասերի և դրանով ծանրաբեռնված անշարժ գույքերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին առնչվող հարցերին։

Անդրադառնալով վերջին հարցին՝ կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ կոմիտեի նախաձեռնությամբ 2025թ. տարեվերջին ընդունված Կառավարության որոշմամբ սահմանվել է պարզեցված ընթացակարգ առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։