Foto

Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն և պատրաստ է աջակցել երկկողմ հարաբերությունների և Հայաստանի ընդհանուր զարգացմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։

«Հույս ունենք, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումներ կունենան։ Պետք է նշեմ, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շատ լավ կերպով։ Ես տարբեր առիթներ եմ ունեցել խոսելու հայ-չինական հարաբերությունների զարգացումների և հետագա միտումների մասին», - ասել է Չեն Մինը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հոկտեմբերին կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել  Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

«Պետք է նշենք, որ այս հանդիպումն առաջինն էր 2019 թվականից ի վեր։ Դրա ընթացքում երկու կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք աջակցել հայ-չինական հարաբերությունների և Հայաստանի ընդհանուր զարգացմանը», - ընդգծել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ հույս հայտնելով, որ ընթացող համաժողովի քննարկումներն արդյունավետ կլինեն հայ-չինական հարաբերությունների զարգացման առումով։