Foto

Չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել․ Տաթև Արցախ

2020 թվականի նոյեմբերի 9-ին խայտառակ կապիտուլյացիայի հետևանքով   հանձնվեց Արցախի Հանրապետությունը, մինչ օրս Բաքվում կան հայ գերիներ:

Արցախցի ակտիվիստ, 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝  Տաթևիկ Վիրաբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով 4 տարի առաջ տեղի ունեցածին, ասել  է. «Ես նույնիսկ սարսափում եմ հիշել 2020 թվականի նոյեմբերի 9-ը: 4 տարի առաջ այս օրը հետևանքն էր 2018 թվականի ապրիլի: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում հայ ժողովուրդը 2018 թվականին իր երկրի անվտանգության բանալիները հանձնեց Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին: Հօգուտ թշնամի պետության՝ Հայաստանի կառավարումն անցել է այդ մարդու ձեռքը: Դեռ այդ ժամանակներից ամեն ինչ կանխատեսելի էր:

2020 թվականի նոյեմբերի 9-ը տեսնում ենք ամեն օր: Մեզ համար ամեն օր 2020 թվականի նոյեմբերի 9 է, այն երբեք չի ավարտվել: Նոյեմբերի 9-ով սկսվեց գործընթացների առավել ագրեսիվ փուլը, և Հայաստանում չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը, Հայաստանից գյուղերի հանձնումը, սրանք այն բանի վկայությունն են, որ Հայաստանում ամեն օր նոյեմբերի 9 է: Եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին Շուշին, Հադրութը, Բերձորը, Աղդամը և մնացյալը հանձնվեցին, ապա հիմա արդեն Հայաստանն է հանձնվում:

Քանի մենք չենք ձերբազատվել Ադրբեջանի ներկայացուցիչներից, ոչինչ չի փոխվելու: Առանց պատերազմ ենք զիջում, ամեն օր զոհեր են լինում, Հայոց բանակի որակն այնքան է ընկել, որ զենքը ձեռքին տղերքին ազերիները գերի են վերցնում: Ասում էին՝ ստորագրում ենք, որ 25 հազար զինվորի կյանք փրկենք, քանի՞ զինվոր զոհվեց դրանից հետո, քանի՞ քաղաք հանձնվեց թուրքին….»,- նշել է նա: