Foto

Օկուպացված Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել

Monument Watch-ը ահազանգում է․ 

2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ։

Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ է առաջ քաշում, որ թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն ‹‹դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ››, ուստի պետք է ապամոնտաժվի:

Կարող ենք հավաստել, որ ադրբեջանական իշխանությունը չի արգելում Ստեփանակերտ այցելող իր բնակիչներին տարբեր գրություններով պատել հուշարձանը, ինչպես նաև կրկին խրախուսում է հուշարձանը քանդելուն ուղղված քննարկումները:

Մեր արձագանքը

‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի հետ կատարված վանդալիզմի և պղծման գործողություններն արգելված են Հաագայի 1954 թ. Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածով․ «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի, պղծման, ոչնչացման  և հաշվեհարդարի գործողություններից»։

Եվրոպայի խորհրդի «Ճարտարապետական ժառանգության մասին» կոնվենցիան, որին 2010 թվականից անդամակցում է նաև Ադրբեջանը՝ պարտավորեցնում է պաշտպանել ու պահպանել աշխարհի ճարտարապետական ժառանգությունը (Full list - Treaty Office (coe.int)), իր 4-րդ հոդվածով կողմերից պահանջում է խուսափել ճարտարապետական ժառանգության արժեքներն աղավաղելուց կամ քանդելուց:

Հայկական հուշարձանների պղծումն արգելել է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն իր  2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայց և չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով։

Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է   ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը,  որն իր 19-րդ կետով  դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող  բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը։

2024 թվականի հունվարի 17-ի Ֆրանսիայի սենատի բանաձևը նույնպես դատապարտել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը։

Իսկ 2024 թվականի փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի  հաշվետվությունը»  իր 77-րդ կետով պահանջում է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան