ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին համարել է «երազանքի թիմ» և 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից հնարավոր թեկնածուներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill պարբերականին։
Սպիտակ տան Վարդերի այգում կայացած միջոցառման մասնակիցներին Թրամփն առաջարկել է «քվեարկել» ծափահարություններով՝ հարցնելով, թե ում է դուրս գալիս Ջեյ Դի Վենսը, իսկ ում՝ Մարկո Ռուբիոն։
«Ի դեպ, ես վստահ եմ, որ սա երազանքի թիմ է։ Բայց սրանք մանրուքներ են։ Դա չի նշանակում, որ դուք ունեք իմ աջակցությունը որևէ պարագայում։ Բայց գիտեք, կարծում եմ՝ այս ամենը հնչում է որպես նախագահի և փոխնախագահի թեկնածու», – նշել է Թրամփը։
Դրա հետ մեկտեղ Թրամփը չի պարզաբանել, թե երկուսից ում է տեսնում որպես ապագա նախագահ, իսկ ում՝ որպես փոխնախագահ։
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2028 թ. նոյեմբերին։









