Foto

Լիբանանի Տիր քաղաքում 7 մարդ է զոհվել իսրայելական օդուժի հարվածների հետևանքով, կան վիրավորներ և անհետ կորածներ

Լիբանանի հարավում գտնվող Տիր հնագույն քաղաքին իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 46 խաղաղ բնակիչ:

Այդ մասին նշվում է Լիբանանի առողջապահության նախարարության Արտակարգ իրավիճակների կենտրոնի հաղորդագրությունում: 

Նոյեմբերի լույս 9-ի գիշերը իսրայելական օդանավերը ուժգին ռմբակոծության են ենթարկել Տիր քաղաքի կենտրոնը, ինչի հետևանքով չորս բազմահարկ շենքեր հիմնահատակ փլվել են, իսկ մի քանիսը՝ լրջորեն վնասվել:  

«Թարմացված տեղեկություններով՝ Տիրի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ 46 խաղաղ բնակիչներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ»,- նշված է հաղորդագրությունում:  

Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են նաև, որ փլատակներում  հայտնաբերվել են զոհվածների մարմինների բազում հատվածներ: Ըստ այդմ՝ դրանց պատկանելությունը պարզելու նպատակով կատարվելու են համապատասխան փորձաքննություններ:

Հարվածների վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ անհետ կորածների մարմինները հայտնաբերելու համար։