«Գոյ» թատրոնի դերասանները,
որոնք երեկ մուտք էին գործել թատրոնի տարածք, գիշերել են հենց թատրոնում։ Հիշեցնենք՝
կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական
թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը,
իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել
Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, իսկ պատճառները բազմազան են՝ ինքնուրույնությունից՝
մինչև բեմի զբաղվածության խնդիրներ։ Բավականին լարված են հարաբերությունները Սունդուկյանի
անվան ազգային ակադեմիայան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչայնի հետ։ Vesti.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է
«Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի
հետ։
-
Պարո՛ն Մաթևոսյան,
հարազատ թատրոնում, հարազատ մարդկանց միջավայրում ինչպես անցավ գիշերակացը։
-
Եթե տեսնեք կադրերը թե ինչպես մտանք թատրոն, միայն աղջիկների
հուզմունքից, կարելի է ենթադրել, թե ինչ վիճակում էինք։ Այնպիսի զգացողություն էր, կարծես
հարազատ տուն վերադառնայինք։ Դերասանների տրամադրությունը շատ բարձր է։ Գիշերը աչք
չենք փակել՝ մեր կարոտն էինք առնում հարազատ թատրոնից, վայելում էինք րոպեներն ու ժամերը։
-
Որքա՞ն ժամանակ
եք պատրաստվում մնալ թատրոնում։
-
Այդ ժամանակացույցը մի քիչ դժվար է ասել։ Մենք խնդրանք-պահանջ
ենք ներկայացրել, որ հնարավորինս արագ մեր հարցին անդրադառնան։ Խոսքը, հիմնականում, դատական
համակարգի մասին է, հիմա սպասում ենք Դատախազության և Վարչական դատարանի գործողություններին։
Այնպիսի տպավորություն ունենք, որ արհեստականորեն խոչընդոտում են, որ գործերն իրենց
բնականոն հունով չգնան։ Գուցե այսօր էլ ինչ-որ պատասխան ունենանք, որ մեզ գոհացնի,
բավարարի: Հետո արդեն կհասկանանք մեր հատագա քայլերը։
-
Նախարար Ժաննա
Անդրեասյանը, կարծես, ընդառաջ էր գնացել և դեմ չէր, որ, որպես մասնավոր և առանձին թատրոն, գործեիք։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հետո փոխեց որոշումը։
-
Նախարարի հետ խոսելիս ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ
հարցը շատ արագ կարգավորվելու է, բայց հետո ավելի ստորին օղակների հետ շփվելիս, հասկանում
ես, որ որոշումը փոխվում է, հետո՝ էլի հակառակը։ Ինչ-որ անհասկանալի վիճակներ են։ Մենք
էլ չհասկացանք թե ի՞նչու են այդպես անում։
-
Սունդուկյանի անվան
ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ ապօրինի թատրոնի շենք մուտք գործելու համար, ի՞նչ ընթացք ստացավ այն։
-
Այո, նա հողորդում էր ներկայացրել, որ մենք ներխոժել ենք թատրոնի
շենք, ինքնիրավչությամբ ենք զբազվում, բայց ոստիկանությունն էլ, քննչական մարմինն էլ
գործին ընթացք չտվեց՝ ասելով որ ներխուժում չկա։ Մենք այս պահին վարչական դատարանում
երկու գործ ունենք, որը ենթադրում է բոլոր գործությունների կասեցում՝ մինչև դատական
ակտի հրապարակումը։ Երևի սա է պատճառը, որ ոստիկանությունը որոշեց, որ ներխուժում չկա։
Ավելին՝ դեռ մի բան էլ իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ դուռն էին ներսից
կողպում և այն։ Վարչական դատարանում երկու գործ ունեք՝ վիճարկում ենք կառավարության
որոշումը, որով մեր լիազորությունները դադարում են և իրավախախտումները։
Հիշեցնենք, որ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի 1-ին կետը սահմանում է․ «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը․․․․»։