Սահմանազատան կանոնակարգի հարցը շարունակում
է արդիկան մնալ։ Ընդդիմությունը դրույթ առ դրույթ խնդիրներ է մատնանշում մի կանոնակարգում,
որն իշխանությունն անվանում է պետական սահման ունենալու միակ երաշխիքը։ Կանոնակարգի
առանձին դրույթների վերաբերյալ Vesti.am-ը
հարցեր է ուղղել ԱԺ «Հայաստան» խմբանկցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին, ով նաև հանձնաժողովի նիստում խոսում էր կանոնակարգի աղետաբեր հետևանքների
մասին։
-
Տիկի՛ն Գալստյան,
ի՞նչ խնդրահարույց դրույթներ եք տեսնում կանոնակարգում։
- Կանոնակարգն հակասահմանադրական է։ ՀՀ Սահմանադրության և կառավարության մասին օրենքով ՀՀ վարչապետն իրավունք չունի ստեղծել պետական մարմիններ, կարող է ստեղծել միայն խորհրդակցական մարմիններ։ Ստացվում է ստեղծվել է մի մարմին, որը փաստացի զբաղվում է սահմանների փոփոխությամբ, որն, ըստ ՀՀ Սահմանադրության, թույլատրվում է միայն հանրաքվեի միջոցով։ Մյուս խնդիրն ուժի սպառնալիքն է, ագրեսիայի դրսևորումները, որի պարագայում Հայաստանը գնում է պարտադրյալ սահմանազատման։ Ադրբեջանը օրը 24 ժամ, շաբաթը 7 օր շարունակում է Հայաստանի հետ խոսել ագրեսիայի լեզվով՝ ունենալով հավակնություններ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ադրբեջանում ամեն օր հայտարարվում է Արևմտյան Ադրբեջանի մասին, որը ՀՀ ինքնիշխան տարածքն է, մեր Սյունիքի նկատմամբ նկրտումներ կան, Ադրբեջանում նույնիսկ «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն կա։ Պատերազմի սպառնալիքով կորզված ցանկացած համաձայնագիր առոչինչ է, իսկ իրենք ասում էին, որ փաստաթուղթը անցնում է վավերացման այս փուլերը, քանի որ միջազգային պայմագրի կարգավիճակ ունի։
Մյուս խնդիրն Ալմա-Աթայի
հռչակագիրն է, որին որևէ քարտեզ կցված չէ։ Ալմա-Աթային հռչակագիրը Խորհրդային միության
փլուզումից հետո, այդ պահի դրությամբ որևէ ԱՊՀ երկրի սահմանազատված քարտեզ չի պարունակում։
Դա էլ՝ երրորդ խնդիրը։ Կանոնակարգում նշվում է «վերաբերելի քարտեզ» խնդրահարույց ձևակերպումը։
ՀՀ իշխանությունը մեկ մեջտեղ բերեց 1974, 1978, 1984 թվականների գենշտաբի քարտեզներ,
հետո խոսում են այլ քարտեզներից։ Հաշվի առնելով իշխանության վարած քաղաքականությունը՝ ցանկացած քարտեզ կարող է լինել վերաբերելի և ՀՀ-ից կողմից ընդունելի։ Տավուշում տեղի
ունեցածը վառ օրինակ է։ Նրանք է իշխանությունն ու իրենց աթոռը պահելու համար ցանկացած
զիջումների պատրաստ են։
-
Մինչ այս սահմազատման
փուլը, մինչ պատերազմը, մենք ի՞նչպես ենք իմացել մեր պետության սահմանները, որ օրինակ
29800 քառ․ կիլոմետր է և այլն։
-
Խորհրդային միության ժամանակ ՀՀ-ն ամենասահմանազատված երկին
էր։ 1984թ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվել է հանձնաժողով, որը 4-5 տարի շարունակ
երկարատև սահմանազատման աշխատանքներ է իրականացրել։ Այս կանոնակարգն Ադրբեջանին թույլ
է տալիս, որ այն հաստատի, որոշակի վերապահություններով։ Ցանկացած պահի Ադրբեջանը կարող
է ասել, որ այս կամ այն կետի հետ համաձայն չէ։ Ընդ որում, Կիրանցի հատվածում ՀՀ-ն առանց
այս կանոնակարգի արդեն 12 կմ սահմազատել է, ի՞նչ իրավական հիմքերի վրա է այն տեղի ունեցել։
Կան կադսատրի վկայականներ, որ Ադրբեջանին անցած տարածքները ՀՀ քաղաքացիների սեփականությունն
են եղել։
-
1984թ-ին ստեղծված
հանձնաժողովն ի՞նչ ընթացակարգով է ստեղծվել։
-
Մինիստրների խորհրդի որոշումով, այդ ժամանակ, որքան գիտեմ, Հեյդար
Ալիևը, եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի փոխնախագահը։
-
Ինչո՞ւ է կիրառվում
սահմազատման փուլային տարբերակը, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարում, որ շտապելու
կարիք չկա, պետք է ընդհանուր սահմանազատում, հետո էլ խոսում էր հայելային հետքաշման
մասին և այլն։
-
Այս իշխանության վարքագիծը, հոգեխառնվածքը, զիջողականությունը,
պարտվողականությունը հաշվի առնելով՝ մենք ասում ենք, որ փուլային սահմանազատումը Հայաստանի
կողմից միակողմանի զիջումներ է ենթադրում։ Մենք ասում ենք. միջազգային նորմերով հաստատված
չէ ոչինչ, եթե ամեն ինչ հաստատված չէ։