Հորդանանում, Լիբիայում և Մալթայում Հնդկաստանի նախկին դեսպան Անիլ Թրիգունայաթը կարծում է, որ Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։
Հնդիկ դիվանագետն այդ մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։
«Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները ժամանակակից տերմինաբանությամբ կարելի է բնութագրել որպես ռազմավարական։ Ես շատ ուրախ եմ, որ դրանք ճիշտ ուղղությամբ են շարժվել։ Դուք գիտեք, որ Հնդկաստանը և Հայաստանը կապեր են ունեցել դեռևս մ.թ.ա. երկրորդ դարում, միջնադարում ևս շատ զարգացած կապեր են եղել երկու ազգերի միջև։ Հնդկաստանում կան զարգացած հայկական համայքներ, մեծ թվով հնդիկներ էլ այժմ գտնվում են Հայաստանում։ 20-րդ դարում հարաբերությունները հիմնականում անցնում էին Խորհրդային Միության միջով։ Սակայն հենց Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն, այն անմիջապես ճանաչվեց Հնդկաստանի կողմից։ Մենք մշտապես պահպանել ենք մեր շփումները»,-ասել է դիվանագետը։
2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանն ու Պակիստանը հայտարարել էին միմյանց միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Հնդիկ դիվանագետը դա նորմալ գործընթաց է համարում՝ շեշտելով, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի կապեր ստեղծել այլ պետությունների հետ։
«Նորմալ է, երբ երկրներն ընդլայնում են իրենց երկկողմ հարաբերությունները։ Ոչ մի վատ բան չկա։ Պակիստանի հետ կապված, ըստ էության, միակ խնդիրը, որն ունի Հնդկաստանը, նրանց կողմից սահմանային ահաբեկչության տեղափոխումն է Հնդկաստանի տարածք՝ որպես իրենց արտաքին քաղաքականության գործիք։ Եվ սա մեր ամենամեծ խնդիրն է նրանց հետ։ Պակիստանը հարաբերություններ ունի այդքան շատ երկրների հետ։ Յուրաքանչյուր ազգ, պետություն իրավունք ունի զարգացնել իր գործընկերությունները։ Մինչ օրս մենք նույնիսկ դեսպանատուն ունենք Պակիստանում, որը, սակայն, չի գործում։ Ահաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականությունը Հնդկաստանի քաղաքականությունն է, և եթե նրանք հրաժարվեն այդ քայլերից, մենք շատ բարեկամական կլինենք նրանց հետ»,-ասել է դեսպան Անիլ Թրիգունայաթը։









