Foto

Նոյեմբերի 7-ից կվերականգնվեն Հալեպ–Երևան ուղիղ չվերթերը

Նոյեմբերի 7–ից կվերականգնվեն Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ` ուրբաթ օրերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:
Հալեպի «Գանձասար» հայալեզու շաբաթաթերթն իր հերթին հայտնում է, որ ուղիղ չվերթերը վերականգնվել են շուրջ մեկ տարի դադարից հետո։ Թռիչքները կիրականացվեն Հալեպի միջազգային օդակայանից, իսկ ավիափոխադրողը կլինի «FLYCHAM» սիրիական ընկերությունը։
Շաբաթաթերթը նաև նշում է, որ Հալեպի օդանավակայանը վերջերս նորոգվել է և արդեն կարող է ընդունել տարբեր երկրներից ժամանող ինքնաթիռներին։
«Հալեպ–Երևան ուղիղ թռիչքները նախորդ տարիներին մի քանի անգամ բացվել ու փակվել են Հալեպի անվտանգության անկայուն վիճակի պատճառով։ Այս փուլում թռիչքների վերսկսումը հաճույքով են ընդունել հատկապես սիրիահայերը, քանի որ այսպիսով կհեշտանա ճամփորդությունը»,– գրել է լրատվամիջոցը։
«Գանձասարը» նշել է, որ Հալեպից ուղիղ չվերթերի չեղարկման պատճառով մարդիկ ստիպված էին նախ Հալեպից ցամաքային ճանապարհով հասնել Բեյրութ, ապա Բեյրութի օդանավակայանից հասնել Երևան, որը և՛ ավելի ծախսատար էր, և՛ հոգնեցուցիչ, և՛ երկար։