Foto

Բագրատ Սրբազանը ժամանակ տվեց Գլխավոր դատախազին

Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար: Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ Գլխավոր դատախազության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ։

Նա ժամանակ տվեց Գլխավոր դատախազին, որպեսզի նա ներքև իջնի ու պարզաբանումներ տա. «Եթե Գլխավոր դատախազությունից չարձագանքեն մեր պահանջներին, ապա մեր գործողություններն այստեղ կշարունակվեն: 20 րոպե, լավ 30 րոպե ժամանակ ենք տալիս, մինչեւ պատրաստվեն, հարդարվեն, սուրճ խմեն, մի քիչ հանգստանան, խորհրդակցեն։ Կամ եթե առաջարկ լինի դատախազության շենքում հանդիպելու, շարժման ներկայացուցիչներս կբարձրանանք վերև, բայց մի պահանջով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս ներկա լինեն»,– ասաց նա՝ նշելով, որ պետք է գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։  

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենակիցների իրավունքները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում․ «Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան։ Պետք է գործընթաց սկսել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարի և նրան հանցակիցը եղած ՀՀ վարչապետի հանդեպ»:

Նշենք, որ ՀՀ դատախազության շենքի մոտ այս պահին ոստիկանական մեծաթիվ աշխատակիցներ են հավաքված։