Հայաստանը պետք է հետաքննի և պատժի բոլոր ռազմական հանցագործներին, X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝
նշելով, թե «օկուպացիայից ազատագրված» գյուղերից մեկում նոր զանգվածային գերեզմաններ
են հայտնաբերվել։
«Հայաստանը մինչ օրս չի պատժել այս հանցագործությունների համար
պատասխանատու գեթ մեկ անձի, փոխարենը նրանք պարգևատրվել են», - գրել է Հաջիևը՝ նշելով,
թե Հայաստանը թաքցնում է զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկությունները։
Սա, ըստ երևույթի,
ադրբեջանական կողմի հերթական պահանջն է և օկուպանտի պիտակը կրկին հայերի կողմը նետելու
փորձերից մեկը։ Հանցագործին հերոսացնելու մասին խոսում է մի պետություն, ով քնած հային
սպանած Ռամիլ Սաֆարովին հռչակեց Ադրբեջանի ազգային հերոս և նա հենց այդ երկրի նախագահից
ստացավ տուն, մեքենա և բարեկեցիկ ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Քնած և
անզեն հային սպանելը հերոսացնելը հենց օկուպանտ և հանցագործ երկրի, հանցագործ քաղաքականության
մասին է վկայում։ Հայաստանում ոչ մի իշխանության օրոք, անկախ նրանից՝ դիմացինը թուրք
է, ադրբեջանցի, թե ցանակացած այլ մարդ, քնած մարդուն սպանելը չէր հերոսացվի։ Հայ հասարակությունն
ինքն այդ քաղաքականությունը կմերժեր, հանցագործին դափնիներով երկիր չէր թողնի։
Հանցագործին հերոսացնելու
մասին է խոսում մի պետություն, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ հայի կտրված գլխի համար
լրացուցիչ գումար էր տալիս իր զինվորականներին և օտարերկրյա վարձկաններին։ Հենց ադրբեջանցի
բարձրաստիճան սպաներն էին, Քյարամ Սլոյանի գլուխը ձեռքներին, պտտվում քաղաքում։ Այդ նույն
զինվորներն էին կտրում հայ տարեց և անօգնական ամուսինների ականջները։ Ադրբեջանի ռազմավարների
պուրակն էլ ապացույցն է այն բանի, որ այս երկիրն իր մեծ եղբոր՝ Թուրքիայի նմանությամբ,
իր ցեղասպան քաղաքականությունը, ոչ միայն չի
վերանայել, այլ՝ ավելի խորացրել է։
44 օրյա պատերազմից հետո, կարծես իրենց ինքնությունը մոռացած, ինչ-որ
մարդասիրական ու բարոյական հայտարարություններ են անում՝ այն դեպքում երբ միայն
պաշտոնական տվյալներով Բաքվում դեռ 23 հայ գերի կա, որոնց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական
նախկին ղեկավարները։ Սա էլ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ
համաձայնել էին գերիներին փոխել՝ բոլորին բոլորի դիմաց սկսզբունքով։ Սրա մասին ՀՀ իշխանությունն
Ադրբեջանին չի հիշեցնում, փոխարենն արդարանում է, որ պատրաստակամ են օգնել գտնել ադրբեջանցի
4 հազար անհետ կորածին։
Օրերս Բաքվում կազմակերպված
միջազգային համաժողովների մասնակիցներին հղած իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիևն էլ էր պնդել, թե Երևանը պետք է Բաքվին «տրամադրի ադրբեջանցիների զանգվածային
գերեզմանների քարտեզները ու պատժի մեղավորներին»։ Նա մեղադրել էր Հայաստանին ապակառուցողական
լինելու մեջ։ Իսկ Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի մասնակիցներին ուղղված
ուղերձում Ալիևն ասել էր, թե Հայաստանը «հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ
կորածների ճակատագրի» մասին՝ պնդելով, թե այս ընթացքում անհետ կորել է մոտ 4 հազար
ադրբեջանցի։
Հայաստանի գերիների և անհետ կորած անձանց հարցերով հանձնաժողովի
նախագահ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռ այս տարվա մարտին կայացած նիստում ընդգծել էր Ադրբեջանի
համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը։
Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում
զոհված 51 ադրբեջանցու մարմին, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցու ոսկորներ։
Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝
90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո՝ անհետ
կորել է շուրջ 200 զինվոր։
Ալիևի թիմը և ադրբեջանական
քարոզչամեքենան չեն դադարում նոր պահանջներ առաջ քաշել, հետո էլ բանակցություններում
կարող են այս կամ այն հարցին չանդադառնալու դիմաց նոր նախապայման առաջ քաշել։ Ալիևը
շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանն ինչ քարտեզ և տեղեկություն ունի արդեն իսկ փոխանցել
է իրեն։ Արցախն իրենց տիրապետության տակ է և ինքնուրույն էլ կարող են ստուգել և այլն։
Խնդիրն այլ է, օրինակ՝ հայկական կողմը չի բարձրացնում իր անհետ կործների խնդիրը, Ադրբեջանն
էլ՝ իրենը։ Կամ հայկական կողմը այլևս չի խոսում գերիների մասին, որ Ադրբեջանը չհիշի
4 հազար անհետ կորած ադրբեջանցու մասին։ ՀՀ-ն հրաժավում է միջազգային հայցերից, Ադրբեջանն
էլ՝ անհետ կործներից և այլն։ Ընդ որում այդ թիվն ընտրել է Ալիևը, դրա ոչ մի հիմանավորում,
ոչ մի փաստարկ չկա։ Իսկ իրապես գոյություն ունեցող իրողությունների մասին Հայաստանի
իշխանությունը լռում է։