Ռուսաստանի
վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղն աշխատանքային այցով կլինի Հայաստանում։
Ռուսաստանի վարչապետի գրասենյակից հայտնում են, թե Միշուստինը Երևանում կմասնակցի Եվրասիական
միջկառավարական խորհրդի 40-րդ և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստերին։
Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի իր գործընկերների հետ
Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման
խորացման հրատապ խնդիրները»։
Մինչ Երևան այցելելը Միշուստինը գտնվելու է Իրանում, որտեղ այսօր կհանդիպի Իրանի
նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին։
Մոսկվան խստորեն դատապարտել է Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ի
զինյալների վրա Իսրայելի հարձակումները: Իսրայելի վերջին հարձակումներն ու
«Հեզբոլա»-ի առաջնորդներից Հասան Նասրալայի սպանությունը փոխել են իրերի
դրությունը տարածաշրջանում՝ ընդհուպ մոտեցնելով ռազմական էսկալացիայի
հավանականությունը։
Հայաստանն
այս պայմաններում դժվար թե կարողանա խուսանավել, վաղ թե ուշ կանգնելու է
երկընտրանքի առաջ։ Հատկապես, որ արևմտյան և արևելյան հարևանները ցանկանում են
ոչնչացնել ՀՀ-ն, Ռուսաստանն ու Իրանը տարբեր հարցերում ընդհանուր դիրքորոշումներ
ունեն, իսկ Վրաստանը գնում է Արևմուտքից պոկվելու, ՌԴ հետ հարաբերությունները
կարգավորելու ճանապարհով։
Փաշինյանը, ըստ էության, «բալանսավորման» քաղաքականության մասին հայտարարելով, ստեղծված իրավիճակում փորձում է խուսանավել։ Միշուստինը, թերևս, Փեզեշքիանի հետ
հանդիպումից հետո, նորություններով կայցելի Երևան, նաև կփորձի պարզել, թե, ի վերջո,
ո՞ւմ հետ է իրեն պատկերացնում ՀՀ գործող իշխանությունը։