Այսօր բավականին ցավալի վիճակում ենք, բայց ունենք անցած ճանապարհ եւ այստեղ՝ Եռաբլուրում գտնվելով մենք պետք է ասենք, որ մեր անկախությունը ամենամեծ ձեռքբերումն ու արժեքն է հայ ժողովրդի համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Անկախությունը ձեռք է բերվել նվիրյալ հայորդիների պայքարի, նվիրումի, քաջագործությունների շնորհիվ: Մեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն էր, արցախյան շարժումը, որը որ սկիզբ է առել մտավորականներ, կամավորականների գաղափարական պայքարում, այնուհետեւ մեզ պարտադրված պատերազմում հրամանատարների եւ զինվորների քաջագործություններով, եւ մենք այսօր այստեղ գտնվելով յուրահատուկ հաշվետվություն ենք տալիս մեր ընկերներին, ովքեր որ իրենց կյանքն են տվել: Մենք կարողացել ենք նաեւ մեր ռազմաքաղաքական զեկավարության ինքնուրուն որոշումների եւ նաեւ համառ որոշումների շնորհիվ հասնել նրան, որ Արցախն ու Հայաստանը միասին համադրված, միահամուռ կառույց էին եւ զարգանում էին բոլոր առումներով՝ անվտանգություն, տնտեսություն եւ բոլոր տեսակի կապեր ենթամշակութային, ենթակառուցվածքներ եւ այլն»,- ասաց նա:
Օհանյանը նշում է, որ կարողացել էին լիարժեք անվտանգ միջավայր ստեղծել, սակայն հիմա այլ է իրավիճակը, որովհետեւ ոչ միայն Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործության շնորհիվ, հայաթափվեց Արցախը եւ Ադրբեջանը ՀՀ սահմաններում է գտնվում, այլեւ ՀՀ իշխանությունների ոչ լիարժեք, ապիկար գործողությունների շնորհիվ:
«Ցավը մեծ է մեզ մոտ, բայց դա պետք է մի կողմ դնել, դրանից հետեւություններ անել եւ շարունակել պայքարը, որովհետեւ անհրաժեշտություն է, որ ՀՀ-ն լինի անկախ, ինքնիշխան, չգահավիժի, անվտանգությունը ամուր լինի»,-ասաց նա:









