Foto

Մեծ Բրիտանիան HMS Prince of Wales ավիակիրը կուղարկի հյուսիսային Ատլանտիկա

Բրիտանական հրամանատարությունն այս տարի Ատլանտյան օվկիանոսի հյուսիս կուղարկի հարվածային խումբ՝ HMS Prince of Wales ավիակիրի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։

«Կարող եմ հայտարարել, որ Մեծ Բրիտանիան այս տարի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատված և Հեռավոր հյուսիս կուղարկի ավիակիրների հարվածային խումբ՝ HMS Prince of Wales ավիակիրի գլխավորությամբ։ Այն կգործի Միացյալ Նահանգների, Կանադայի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ համատեղ»,- նշել է Սթարմերը։

Նա ընդգծել է, որ Լոնդոնը նաև կրկնապատկել է հատուկ գործողությունների ուժերի զինծառայողների ներկայությունը Արկտիկայում, ինչպես նաև բրիտանական պատմության մեջ նավաշինական խոշորագույն համաձայնագիրն է կնքել Նորվեգիայի հետ։Քիր Սթարմերը հայտարարել է նաև միջուկային ոլորտում Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնման մասին։