«Երևանյան երկխոսություն»
միջազգային համաժողովի բացմանը Արցախը և Հայաստանի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր
տարածքն Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, թե Ալիևը չի մերժի «խաղաղության
պայմանագրի» այն հիմքը, որն արդեն դրված է իրենց (իր և Ալիևի) մի քանի տարվա բանակցությունների արդյունքում:
Ասել կամ մտածել,
թե Փաշինյանն անմեղսունակ է, չի կարելի: Երկրի ներսում նա այնպիսի ֆաշիստական դիկտատուրա
է ստեծել, որ նույնիսկ ընտրված պաշտոնյան չի կարողանում պաշտոնավարել, եթե ՔՊ-ից չէ
կամ չի համբուրել նրա «խաչը»: Ավելին, Փաշինյանը հստակ գիտակցում է, որ իր ադրբեջանցի
վիզավին իրեն միշտ խաբել է ու շարունակում է խաբել: Այդ դեպքում ի՞նչն է նրան այդքան
«լավատեսություն» ներշնչում: Այստեղ միաժամանակ գործում է երկու հանգամանք:
Առաջին հանգամանքը
Փաշինյանը գործում
է Արևմուտքի հստակ հրահանգավորումներով և ստանձնել է Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանից դուրս
մղելու կեղտոտ գործը: Խլուրդին էլ տեսանելի է, որ բացի Թուրքիայից ու, մասմբ, Ադրբեջանից,
դա տարածաշրջանային ոչ մի երկրի շահերից չի բխում: Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ տարածաշրջանում
մնալու համար ու պատրաստ է նույնիսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցել: Վրացիներն
արդեն տարիներ շարունակ զգում են ադրբեջանաթուրքական տնտեսական ու քաղաքական լծի ծանրությունը
և հիմա հուսահատ քայլեր են անում դրա տակից դուրս գալու համար: Իրանն ամենօրյա ռեժիմով
հայտարարում է, որ աշխարհաքաղաքական ու աշխարհագրական ոչ մի փոփոխություն չի հանդուրժի
իր սահմանների մոտ և նույնիսկ Ռուսաստանին է «դեղին քարտ» ցույց տալիս: Փաշինյանի Հայաստանն
այս վայրիվերումներում ձայնազուրկի կարգավիճակ ունի և զուտ բութ գործիքի դեր է կատարում:
Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանն այդքան շահագրգռված՝ «խաղաղության
պայմանագիր» ստորագրել մի երկրի հետ, որն ամենօրյա ռեժիմով ստորացնում ու ծաղրում է
իրեն:
Այստեղից՝ երկրորդ հանգամանքը
Փաշինյանը հստակ գիտակցում է, որ աշխարհաքաղաքական «ճակատում»
ինքը դատապարտված է: Նույնիսկ Ռուսաստանի դեմ իր գործողություններում նա որոշակի վերապահումներ
է անում, որովհետև Արևմուտքի վարած հակառուսական քաղաքականությունն իր համար 100 տոկոսանոց
ինդուլգենցիա չէ. մեկ օրում ամեն ինչ կարող է փոխվել Ուկրաինայում, Եվրոպայում գործող
իշխանությունները լրջագույն էլեկտորալ և տնտեսական խնդիրներ ունեն և երկար չեն ձգի:
Միացյալ Նահանգներում էլ ամեն ինչ վարդագույն չէ և այդ գերտերությունը ուժերի գերագույն
լարմամբ է կարողանում պահպանել իր միջազգային ազդեցությունը, իսկ առաջիկա նախագահական
ընտրությունները ներքաղաքական լրջագույն մարտահրավերներ են առաջացրել:
Այս իրավիճակում Փաշինյանի գերխնդիրը՝ իշխանության պահպանումը,
մեծ հարցականի տակ է, եթե չլինեն Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքները: Այդպես եղավ
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները
ստիպված էին քվեարկել երկիր ներխուժած ադրբեջանական բանակի նշանառության տակ: Հիմա
էլ է Փաշինյանն ապավինում «կիրթ» Ալիևի աջակցությանը. բառացիորեն խնդրում է
Ալիևին՝ սահմանադրական փոփոխություններ չպարտադրել, այլ թողնել 26 թվականի ընտրություններից
հետո: Որպեսզի Փաշինյանն այդ խոստումը կատարի,
Ալիևը ստիպված է ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում:
Եկուսն էլ ձևը գիտեն՝ Փաշինյանը վաղուց է մեզ վախեցնում պատերազմով:
Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է Փաշինյանին ժամանակ տալ: Այստեղ է, որ Փաշինյանի հաշվարկները «բալանսի չեն գալիս»: Նախ Ալիևը փորձում է նրանից ստանալ հնարավոր ամեն ինչ ու հնարավորինս արագ: Մյուս կողմից, եթե դրա համար հիմա աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ չկան, ապա Ալիևը պատրաստ է սպասել:
Չմոռանանք, որ հայր Ալիևը բառացիորեն փախավ, ինչպես Փաշինյանն է այսօր ասել, «մի քանի տարվա բանակցությունների» արդյունքում ձևավորված ու ամբողջովին համաձայնեցված Մինսկի խմբի առաջարկած փաստաթղթի ստորագրումից: Ի դեպ, ինքը՝ Փաշինյանը, նույնպես «թռավ» Մինսկի խմբի տարիներով բանակցած պայմանագրային հիմքից, իսկ ինչո՞ւ դա չի կարող անել որդի Ալիևը՝ Փաշինյանի պես կզածի նկատմամբ:









