Foto

Ամբողջ Ֆրանսիայում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով

Շաբաթ օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ ամբողջ Ֆրանսիայում՝ ի նշան բողոքի երկրի նախագահ Էմանուել Մակրոնի որոշման դեմ, որով վարչապետ է նշանակվել աջ կենտրոնամետ Միշել Բարնիեն։ Ձախ կուսակցությունները նրան մեղադրում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, տեղեկացրել է Reuters-ը։

Հինգշաբթի Մակրոնը 73-ամյա պահպանողական Բարնիեին, որը Եվրամիության նախկին բանակցողն էր Brexit-ի գծով, վարչապետ է նշանակել՝ ավարտելով երկամսյա որոնումները խորհրդարանական ընտրություններ նշանակելու  նրա անհաջող որոշումից հետո, որոնց արդյունքում խորհրդարանը բաժանվեց երեք բլոկի։

Իր առաջին հարցազրույցում որպես կառավարության ղեկավար Բարնիեն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ իր կառավարություն կմտնեն, որն ակնհայտ մեծամասնություն չունի, պահպանողականները, Մակրոնի ճամբարի անդամները եւ, ինչպես ակնկալում է ինքը, որոշ ձախեր։

Բարնիեի առջեւ դրված է ոչ հեշտ խնդիր՝ իրականացնել ռեֆորմներ եւ պատրաստել 2025թ. բյուջեն, քանի որ Ֆրանսիան գտնվում է Եվրահանձնաժողովի եւ պարտատոմսերի շուկաների ճնշման տակ, որոնք պահանջում են կրճատել դեֆիցիտը։

Ձախերը, որոնց գլխավորում է «Չհնազանդված Ֆրանսիա» (LFI) արմատական կուսակցությունը, մեղադրել են Մակրոնին դեմոկրատիայի մերժման եւ արդյունքները կեղծելու մեջ այն բանից հետո, երբ Մակրոնը հրաժարվեց թեկնածու ընտրել «Նոր ժողովրդական ճակատ» (NFP) դաշինքից, որը զբաղեցրել է առաջին տեղը հուլիսյան ընտրություններում։ Elabe սոցիոլոգիական կենտրոնը ուրբաթ հրապարակել է հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ֆրանսիացիների 74 տոկոսը կարծում է, որ Մակրոնը անտեսել է ընտրությունների արդյունքները, իսկ 55 տոկոսը կարծում է, որ նա դրանք գողացել է։