Foto

Աբովյան–Ջրվեժ ճանապարհին «Hyundai»-ն բախվել է ձնակույտին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Աբովյան–Ջրվեժ ճանապարհին ընթանալիս՝ Արտաշատի խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտերին ու քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու հերթապահ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, մինչդեռ վարորդը ասում էր, որ այն մերկասառույց է, սակայն կադրերից ակնհայտ երևում է, որ նրա ասածը իրականությանը չի համապատասխանում, իսկ մեքենայի անվադողերն էլ ոչ ձմեռային էին։