Ռուսաստանը
վերջին օրերին կրկին հիշել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։
ՌԴ ԱԳՆ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան պնդել են,
թե եռակողմ հայտարարությունը գործում է ողջ ծավալով, իսկ 9-րդ կետը, որ
տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերահսկումը վերապահում է ՌԴ ԱԴԾ-ին, չի
չեղարկվել։ Ըստ ռուս պաշտոնյաների, հայկական կողմը, չնայած հայտարարություններին,
պաշտոնապես չի ծանուցել եռակողմ համաձայնություններից հետ կանգնելու մասին։
«Հայաստանի,
Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-22 թվականների եռակողմ
համաձայնությունները նախկինի նման հայ-ադրբեջանական հաշտության հիմքն են։ Կարծում
ենք՝ դրանց այլընտրանք չկա։ Եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը
պաշտոնական մակարդակով հրաժարվել է այդ համաձայնագրերից, կամ ասենք՝ հետ է կանչել
իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթղթերն
այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց նման բան չենք լսել», - նշել էր
Զախարովան։
Ինքը՝
Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտվել
են Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, մայիսին էլ նշել էր, թե, ըստ էության, այսօր ոչ
մի կետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չի գործում:
Միևնույն
ժամանակ, իշխանությունները ետ չեն կանչում իրենց ստորագրությունը, այդկերպ
հնարավորություն տալով Ռուսաստանին խաղարկել եռակողմ հայտարարության թեման։
Անվտանգության
հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով, ՌԴ-ն գործող կամ
ակտուալ համարելով եռակողմ հայտարարությունը, ըստ էության, օրակարգային է համարում
նաև այդ փաստաթղթում տեղ գտած այնպիսի դրույթները, որոնք վերաբերվում են
արցախցիների հետ վերադարձի իրավունքին, նրանց անվտանգության երաշխիքներին, ՀՀ-ի ու
Արցախի միջև անվտանգ միջանցքի ապահովմանը և այլն: «Ավելին, ՌԴ-ից ակնարկում են, որ
այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով
արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ, չկա»,- նշել է
պատգամավորը: