Ադրբեջանը պահանջում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունից հանել «Անկախության հռչակագիրը», այլև փոխել ամբոջ Սահմանադրությունը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Թուրքիայում արած հայտարարությանը, թե Հայաստանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտեր տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ են պարունակում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի նկատմամբ։
Աբովյանը նաև ընդգծեց, որ Սահմանադրության փոփոխության, ավելի ճիշտ՝ ընդհանրապես ոչնչացման գործընթացը համապատասխանում է թուրք-ադրբեջանական տանդեմի նախագծերին, համաձայն որի՝ Հայաստանը պետք է ապամոնտաժվի։
«Այսինքն, մեզ զրկում են իրավական հիմքերից պաշտպանվել և պաշտպանել մեր երկիրը։ Իհարկե, մենք շուտով լսելու ենք շանտաժ՝ ինչպես Հայաստանի իշխանությունների կողմից, այնպես էլ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Մեզ ասելու են՝ կամ փոխելու եք Սահմանադրությունը, կամ պատերազմ, այնինչ պրոցեսը լրիվ հակառակն է լինելու։ Սահմանադրության փոփոխության դեպքում դրանից դուրս են մղվելու բոլոր այն արգելանքները, որոնք ապահովում են ՀՀ-ի անվտանգությունը՝ իրավական առումով։ Այսինքն, մեզնից պահանջում են փոխել ՀՀ Սահմանադրությունը և դարձնել այն, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» սահմանադրություն։
Բնականաբար, մեր իշխանությունները մեզ դրա մասին չեն ասի, որ տրամադրություններս չընկնի, բայց ավելի քան համոզված եմ, որ զուգահեռ թուրքերը, ադրբեջանցիները և այս իշխանությունները միգուցե համաձայնեցված, կատաղի շանտաժի քաղաքականություն են վարելու»։
Նա նաև չբացառեց, որ աշնանը ստորագրվի ինչ-որ թուղթ, որտեղ նշված կլինեն խաղաղության հիմնական դրույթները, բայց այդ փաստաթուղթը չի լինի խաղաղության պայմանագիր, քանի որ փաստաթղթի մեջ որպես նախապայման կդրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։
«Այս փաստաթուղթը ՀՀ իշխանությունները, թուրքերն ու ադրբեջանցիները վերցնելու են ու ասեն՝ «ուզո՞ւմ եք խաղաղություն, սա է, ձեզ մնում է միայն ստորագրել, ու համաձայնել ձեր ինքնաոչնչացմանը, այսինքն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ։
Սահմանադրության փոփոխությունը էլեմետներից մեկն է ընդհանուր գործընթացի։ Կրկնում եմ, սա Թուրքիայի ու Ադրբեջանի սևով սպիտակի վրա գրած դոկտրինի իրագործումն է՝ համաձայն որի՝ Հայաստանը պետք է ապամոնտաժվի։ Այսինքն, թուրքական աշխարհը պետք է միավորվի Հայաստանի տարածքով, բնականաբար, մենք չենք լինի այդ դեպքում»։
Դիտարկմանը, թե նաև Ադրբեջանի և Թուրքիայի համար էլ ակնհայտ է, որ գործող իշխանությունները չունեն բավականաչափ լեգիտիմություն ու ներուժ՝ այդ հանրաքվեն անցկացնելու, հետևաբար՝ ինչու են առաջ բերում պարբերաբար այս պահանջը՝ նա պատասխանեց, որ թուրքերն ու ադրբեջանցիներն հասկանում են, որ իրենց նախագծերի հիմնական երաշխավորն ու ի կատար ածողը ՀՀ ներկա իշխանություններն են։ «Իրենք չափազանց հետաքրքրված են, որ այս իշխանությունը մնա, բայց դրա հետ մեկտեղ իրենք հասկանում են, որ ռեյտինգի ու լիգիտիմության կտրուկ անկման պայմաններում ամեն ինչ կարող է փոփոխվել շատ արագ։ Թուրքերն ու ադրբեջանցիները հասկանում են, որ սա իրենց պատմական շանսն է՝ ոչնչացրել Հայաստանը կամ ապամոնտաժել, դրա համար իրենք չեն սպասում ու շտապեցնում են»։