Foto

Կա՛մ Ալիևն է ստում, կա՛մ ՀՀ իշխանությունը կրկին գործում է «հպարտ քաղաքացու» թիկունքում

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ 

«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու համար», - ասել է Միլլերը:

Հետաքրքրական է, որ Ալիևի հերթական պահանջների և սպառնալիքների ֆոնին Պետդեպը նման հայտարարություն է անում։

Բաքվի վերահսկողության տակ անցած հայկական Շուշիում տեղի ունեցող «մեդիա ֆորումում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, թե այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչությունն ի վերջո կվերադառնա «հայրենիք», ինչի համար բավարար է Երևանի համապատասխան քաղաքական կամքը։

«Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիներն անպայման կվերադառնան իրենց հայրենի հողերը»,- հայտարարել է Ալիևը։

«Ես խորապես համոզված եմ, որ ադրբեջանցիների վերադարձի օրը անպայման կգա, և ապավինում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքին, նրա հռչակած ժողովրդավարությանն ու օրենքի գերակայության սկզբունքներին նրա հավատարմությանը», - ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա պնդել է, թե «Բաքվի մոտեցումը Ղարաբաղի բնակչության հայկական մասի վերաինտեգրման հարցում նման քաղաքական կամքի օրինակ է ադրբեջանական իրավական դաշտում»։

«Բնականաբար, մենք Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք ճիշտ նույն մոտեցումը, ինչ մերը։ Մենք նրանցից հստակ հայտարարություն ենք ակնկալում, թե ինչպես կարող են այսօրվա Հայաստանի տարածքից, Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիները կամ վտարվածների ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողերը՝ այցելել նրանց կամ ապրել այդ հողերում։ Ավելին, մեր տվյալներով՝ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի 90 տոկոսում այժմ կյանք չկա, դրանք ուղղակի ամայի են»,- հայտարարել է Ալիևը։

Սրանից հետո, բնականաբար, կրկին սպառնալիք, որ եթե ՀՀ իշխանույթյունն այդ քաղաքական կամքը չդրսևորի, ապա Հայաստանին այն կպարտադրվի։ Հետո էլ հայատարարեց, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստը հայկական կողմի հետ արդեն 80-90 տոկոսով համաձայնեցված է։

Սա կարող է նշանակել, որ Ալիևը ստում է, թե տեքստի հետ հայկական կողմը համաձայն չէ։ Կամ էլ՝ ՀՀ իշխանությունը թշնամի պետության այս մի պահանջին էլ է համաձայնել՝ միայն թե պատերազմ չսկսվի։ Ադրբեջանը 2018թ-ից նախ պահանջեց Արցախի վիճահարույց 7 շրջանը, հետո ամբողջ Արցախը, հետո օկուպացրեց ՀՀ տարածքի ռազմավարական նշանակություն ունեցող մոտ 300 քառ կմ-ը, ապա հայտարարեց, որ այդ տարածքներից դուրս չի գալու։ Այդ ընթացքում, առանց գեթ մեկ կրակոցի, գյուղեր դատարակվեցին ու միջպետական ճանապարհների հետ նվիրվեցին Ադրբեջանին, ինչպես նաև ականապատ տարածքների քարտեզներ հանձնեցին և այլն։ Ալիևից չեն պահանջում նույնիսկ հայ ռազմագերիներին, որոնց թվում են Արցախի նախկին նախագաները և բարձրաստիճան պաշտոնյաները։ Տավուշում «սահմանզատում» և «սահմանագծում» կատարելիս էլ տարածքն ականազերծեց հայկական կողմը և տվեց Ադրբեջանին։

Ալիևի հնչեցրած պահանջներից դեռևս կատարված չէ ասյպես կոչված անկլավների հանձնումը, Սյունիքի միջանցք կոչվածը, Ադրբեջանի դեմ հայկական կողմի հայցերից հրաժարումը միջազգային դատարաններում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, «կոմունիկացիաների ապաշրջափակում» կոչվածը և 300 հազար ադրբեջանցու վերադարձը։ Արդյո՞ք այս բոլորը միասին կարող ենք համարել պայմանագրի ընդամենը 10  տոկոսը, որը Ալիևի գնահատմամբ դեռ համաձայնեցված չէ։ Թե՞ ՀՀ իշխանությունը ՀՀ «հպարտ քաղաքացու» թիկունքումկրկին պայմանավորվածություններ է ձեռք բերում, որին էլ աջակցում է հավաքական Արևմուտքը և, բնականաբար, դեմ է ռուսական կողմը։

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան