Foto

Ձախողված հեռուստաբանավեճից հետո Բայդենը խոստացել է ավելի շատ քնել և երեկոյան միջոցառումների չմասնակցել

Ձախողված հեռուստաբանավեճից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է ավելի շատ քնել և երեկոյան միջոցառումների չմասնակցել, գրում է գերմանական Bild պարբերականը։

Հեռուստաբանավեճից հետո, որին Ջո Բայդենն, ըստ դիտորդների գնահատականների, այնքան էլ վստահ չէր թվում, ԱՄՆ-ում քննարկում են նրա թեկնածությունը նախագահական ընտրություններից հանելու հնարավորությունը։ Ինքը՝ Բայդենը, հերքում է ընտրություններին մասնակցելուց իր հրաժարվելու մասին լուրերը և ասում, որ «մտադիր չէ ոչ մի տեղ գնալ»։

Սպիտակ տան այգում զինվորականների համար նախատեսված բարբեքյուի ժամանակ Բայդենը վերահաստատել է իր դիրքորոշումը։ Նախօրեին դեմոկրատ նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ գործող նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Թրամփի դեմ քարոզարշավ իրականացնելու համար ինքը բավականաչափ ուժեղ է։

Ըստ հանդիպմանը ներկա երկու մարդկանց, Բայդենը խոստացել է, որ ավելի շատ կքնի, ավելի քիչ կաշխատի, իսկ երեկոյան ժամը 8-ից հետո անցկացվող միջոցառումներին խիստ ընտրողաբար կմասնակցի, գրում է The New York Times պարբերականը։

Բացի դրանից, ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ ևս մեկ անգամ նշել է հեռուստաբանավեճին նախորդող շաբաթների ընթացքում արտասահմանյան երկարատև ուղևորությունները որպես հեռուստաբանավեճերում իր վատ ելույթի պատճառ։ Բայդենի նախընտրական շտաբն իր հերթին անհաջող ելույթը բացատրել էր նախագահի մրսածությամբ, նշելով, ոչ ձայնի խռպոտության պատճառը հենց դա էր: