«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անդրադարձել է ԶԼՄ-ներում շրջանառվող` «Վանեցյանի որդին ԳԻԼԱ ակումբում կրակոցներ է արձակել՝ Արայիկ Հարությունյանի նվիրած զենքով» վերտառությամբ նյութին․
«Մշտապես ճիշտ եմ համարել չարձագանքել ֆեյք կայքերով կամ սոցիալական էջերով իմ և ընտանիքիս հասցեին հրապարակվող կեղծիքներին և զազրախոսություններին՝ համարելով դրանք ուշադրության ոչ արժանի մեդիա-կենդանիների հրապարակային ապականություններ։
Այնուամենայնիվ, մերթ ընդ մերթ ստիպված եմ անդրադառնալ դրանց՝ մեր հասարակության անգամ մի քանի անդամի մտքում կասկածներ կամ իմ չպատասխանելու հետևանքով առաջացող լրատվական-կեղտային նստվածք չթողնելու համար։
Այս անգամ էլ տղմասեր դուրսպրծուկների մեդիա աշխարհում հերթը տղայինս էր։
Քանի որ տղաս՝ Արտյոմը քաղաքական-հանրային հրապարակումներով հանդես չի գալիս՝ իր փոխարեն ես կարձագանքեմ այս անպատասխանատու, կեղծ և անբարո հրապարակմանը:
Արտյոմը ոչ միայն չի եղել նշված ակումբում, այլև առհասարակ զենք չունի, էլ չեմ խոսում կրակոցներ արձակելու մասին։
Նման 0-ական իրականություն ենթադրող ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական, կա՛մ երկուսը միասին։
Եթե երես ունենայիք՝ նման բաները տարածելուց անդրաշխարհում չէիք թաքնվի»։









