Ինչպես հայտնի է, օրերս՝ դժգոհելով մոտ մեկ ամիս առաջ Ալեքսանդր
Լուկաշենկոյի հայտարարությունից, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, քանի դեռ Լուկաշենկոն
Բելառուսի նախագահն է, ինքն այլևս այդ երկիր չի այցելի։ Փաշինյանի ելույթից րոպեներ
անց ԱԳՆ-ն հայտարարեց, թե խորհրդակցությունների համար հետ է կանչում Բելառուսում ՀՀ
դեսպանին։ Ժամեր անց Բելառուսը ևս հետ կանչեց իր դեսպանին՝ ընդգծելով, որ չեն պատրաստվում
վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Թեմայի հետ կապված՝ Բելառուսից արձագանքեցին
նաև, որ հանգիստ են գնահատում Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները և շարունակում
են հարգել հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի:
Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ տեղի ուենցածը ՀՀ-ՌԴ
հարաբերություններում առկա ճգնաժամի մի բաղադրիչն է։ Լուկաշենկոյի այս հայտարարությունը
Նիկոլի համար լավ առիթ էր հակառուսկանա հերթական
տեսարանը բեմադրել՝ թիրախավորելով նաև ՀԱՊԿ-ն։
Եթե խորքային ենք նայում ընդհանուր համայնապատկերին, ապա, մեծ հաշվով թեման դարձյալ
ՀԱՊԿ-ն է։
ԱԺ-ում իր ելույթներից մեկի ժամանակ Նիկոլը հայտարարեց նաև,
որ ՀԱՊԿ անդամ երկու երկրները 44-օրյա պատերազմի օրերին ակնհայտորեն աշխատել են ՀՀ
դեմ․ հասկանալի է, որ մի
երկիրը Բելառուսն է, մյուսը՝ աներկբա է, որ խոսքը գնում ՌԴ մասին, սակայն բաց տեքստով
այդ մասին, չգիտես ինչու, Փաշինյանը լռում է, և խուսափում է բացահայտ ասել։ Սա՝ «կուժ
ասեմ, կուլա՝ լսիր» հայտնի ասացվածքի գեոպոլիտիկ փաթեթավորումն է, որի ականտեսը դարձանք
նիկոլական մեկնաբանությամբ։ Այն, ինչ ասվեց Լուկաշենկոյի մասին, ուղղված էր նաև Ռուսաստանին,
հատկապես, եթե հաշվի առնենք Փաշինյանի իշխանության բացահայտ արևմտյան քաղաքականությունը,
որին ականտեսն ենք դառնում ստեղծված իրավիճակում։
Դրանից բացի, գիրքն ունի նաև հակառակ կողմը․ բանն այն է, որ նմանօրինակ
անհոդաբաշխ պնդումները գեղեցիկ է նայվում Փաշինյանի սիրելի Արևմուտքում, որտեղ նրան
անընդհատ ասում են, որ ինքը «ուժեղ տղա» է, իսկ իրականում «փուռն» են տալիս Հայաստանն
ու բոլորիս։ Փաշինյանի ձեռամբ Արևմուտքը քարկոծում է Պուտինին, իսկ արդյունքում վատանում
են հայ-ռուսական հարաբերությունները։ Սա նաև հրաշալի լավ առիթ է կրկին աչքի ընկնել
Արևմուտքում, քանի որ արևմտյան համայնքում թրենդային է քննադատել նաև Լուկաշենկոյին։
Ասեմ ավելին, Փաշինյանը շատ փայլուն գիտի, որ իր այցերի բացակայությունից Բելառուսը
չի տուժելու, սակայն, նա հայտնվեց արևմտյան մամուլում և իր գործն արեց արևմտյան քարոզչության
շրջանակում։
Արևմուտքի արձագանքն այս առիթով չուշացավ․ օրերս Երևան ժամանած
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը խոսեց հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը բարձրացնելու
մասին։ Սա իրենից ենթադրում է, որ խաղադրույքները մեծանում են, ՀՀ-Արևմուտք հարաբերությունները,
պահանջները և փոխադարձ քայլերը ավելի բովանդակային են դառնում, ուստի Ռուսաստանի դեմ
ավելի «բարձր» պետք է խոսել։
Որպես հետգրություն մի կարևոր բաղադրիչի մասին խոսելը շատ կարևոր
է․ չնայած այն փաստին, որ փաշինյանը պարբերաբար հոխորտում է,
«սուր» քննադատում Ռուսատանին ու Պուտինին,
նա նույն ոգևորությամբ էլ հայտարարում է, որ իր օրակարգում չկա ԵԱՏՄ-ն լքելու
մասին հարցը, որն իր հերթին վկայում է, որ նույն Արևմուտքը տնտեսապես ոչ մի աջակցություն
ցույց չի տալու և չի էլ պատրաստվում ցույց տալ, ուստի Նիկոլն էլ շարունակում է ինքնամոռաց
փառաբանել ԵԱՏՄ-ն՝ որպես ՀՀ համար թիվ մեկ գործընկեր ու առևտուր անելու ընտիր հարթակ։
Արմեն Հովասափյան









