Foto

Իրար հակասող հայտարարություններ և նոր զիջումների ուղերձներ․ կառավարության նիստի հակառակ կողմը

Կառավարության նիստում այսօր վարչապետ Փաշինյանը կրկին բնակչությանը պատրաստեց նոր զիջումների, իսկ չզիջելու դեպքում կրկին սպառնաց նոր էսկալացիայով։   «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է: Սա շատ կարևոր սկզբունք է, որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր»,-ասաց նա:

Սա շատ պարզ ուղերձ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում Ադրբեջանը դուրս չի գալու ՀՀ օկուպացված տարածքներից, հակառակ դեպքում պատերազմ է լինելու։ Վարչապետը կրկին շեշտում է, որ այս հերթական զիճումը էլի չի բացառում էսկալացիան, այլ՝ պարզապես նվազեցնում է դրա հավանականությունը և վերջ։

Ի վերջո, սա հայտարարում է երկրի մի ղեկավար, ով այս արտահայտությունից րոպեներ առաջ ասում էր, որ սահմանզատում և սահմանագծում է տեղի ունենում սովետական ամենավերիջին քարտեզի հիման վրա։ Օրեր առաջ էլ գործընթացը տեղի էր ունենում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ամիսներ առաջ փաթեթային լուծամն մասին էր խոսում և այլն։

Բայց այս ամենի կողքին կան նաև հակառակ կողմի՝ թշնամու, հայտարարությունները, որոնք, որքան էլ անընդունելի են, միևնույն է՝ չես անտեսի։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթերի հիման վրա։ Իսկ ՀՀ վարչապետի խոսույթը փոխվում է ամենօրյա ռեժիմով։

Անկախ Փշինյանի գնահատականից՝ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբոջականությունը և երբեք դրա մասին չի հայտարարել։ Թշնամի պետությունը  գործընթացը տանում է ուժի սպառնալիքով ու չի թաքցնում դա։ Այդ նույն սպառնալիքը ՀՀ-ի քաղաքացիներին փոխանցվում է հենց ՀՀ վարչապետի շուրթերով։

Այսօր, նույն նիստի ժամանակ վարչապետն իրականությանը չհամապատասխանող ևս մի հայտարարություն արեց՝ նշելով, որ Տավուշի սահմանզատումը մի բան էլ ավելի բարվոք է դարձրել ՀՀ այդ հատվածի վիճակը՝ մինչդեռ հենց հիմա կիրանցիներին իրենց տների դիմաց փոխհատուցում են առաջարկում իսկ նրանք հրաժարվում են վերցնել այդ գումարը։ Գյուղում նորից լարված իրավիճակ է։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան