Foto

Սահմանը պահողը հայ զինվորն է, ոչ թե սյունը կամ ծառը

Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, ի կատարում ապրիլի 19-ին հմատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղա Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խերիմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնել է, որ տեղի ունեցածը համարում է մեծ հաջողություն՝ երկու պատճառով: Իբր մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար, երկրորդը, իբր մեր հանրապետությունն, անկախությունից ի վեր առաջին անգամ, ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որտեղ տեղադրված են սյուներ, և որն էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակն ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։

Ցավով պետք է արձանագրել, որ երկրի ղեկավարը սահմանային անվտանգության երաշխիք է համարաում  3-4 տասնյակ սահմանային սյունը, որոնք իրենցից մեծ հաշվով, բացի բետոնե ինչ-որ առարկայից, այլ բան չեն ներկայացնում։ Չկա որևէ միջազգային սահման, որի երաշխիքն ինչ-որ սյուն լինի, քարե շինություն կամ էլ ծառ։ Ավելին, չկա գեթ մեկ պետություն, միջազգային իրավական նորմ, որտեղ նշված լինի, որ սահմանը տարանջատվում է միայն ինչ-որ սյուներով։

Փաշինյանը, իր «դելիմիտացված» սահմանից հեռացրել է հայ զինվորին և նրա փոխարեն սյուներ է տեղադրել, առաջարկում էր ծառ տնկել։ Աշխարհի բոլոր պետությունների անվտանգության երաշխավորը զինվորն է՝ զենքը ձեռքին, կյանքի գնով հայրենիք պաշտպանողը։

Հայ ազգի հարատև գոյության, պետականության միակ երաշխավորը նույնպես հայ զինվորն է եղել, նրա հոգին, չհանձնվող տեսակը, ով գիտակցում է, որ նահանջի տեղ չունի, որովհետև թիկունքում իր մայրն է, ընտանիքը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան