Foto

Հենց այս իշխանությունը փոխվի՝ Արցախն ամբողջովին ազատագրվելու է և շատ կարճ ժամանակում․ Բադալյան

Մարտի 29-ին «Известия»-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ըստ էության, խոսեց Նիկոլ Փաշինյանի կողմից խաբված լինելու մասին՝ հայտարարելով, թե Պուտինը զարմացել է, երբ իմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, թե Պուտինն ինչ մեծ ջանք է գործարել, որպեսզի դադարեցնի 2020թ-ի պատերազմը։

«Սահմանների սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հարաբերությունների նորմալացման, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքման մասին եռակողմ համաձայնագրերը համաձայնեցված էր մեր ակտիվ նախաձեռնողական դերակատարմամբ։ Եվ սրան զուգահեռ Եվրամիությունը ներքաշում էր հայերին ու ադրբեջանցիներին իր մոտ, և Փաշինյանն էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարթակում աշխատելու գաղափարի հիմնական ջատագովը։ Նրանք պարբերաբար գնում էին այնտեղ՝ ի վնաս այն հանդիպումների, որոնք նախատեսված էին Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- նշել է նա։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը հիշեցնում է, որ ինքը բազմցիս նշել է, թե 2018թ-ին ինչո՞ւ են Փաշինյանին բերել իշխանության՝

«1․ Արցախը հայաթափելու և հանձնելու, ինչն  արդեն արված է։

2․ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տալու, որը չի հաջողվում միայն Իրանի համառ ջանքերի շնորհիվ։

3․ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցում, ինչը մոտ 50 տոկոսով կատարված է՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի օրինակով։ Դեսպանը հետ է կանչված, զորավարժություններին չեն մասնակցում, հանդիպումներին չեն գնում, դիտորդներ չկան»։

Այս տարամբանությունից ելնելով՝ քաղաքագետի խոսքով՝ այն, որ Լավրովն ասում է, թե Պուտինի համար զարմանալի է եղել՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջան մաս ճանաչելը, սպասելի էր, քանի որ ՌԴ հետախուզությունը Հայաստանում լավ չի աշխատել։

«Ռուսաստանի ղեկավարությունը չի հավատացել, որ Հայաստանում է կարող է լինել ղեկավար, որ Արցախի համար չպայքարի, այլև՝ անտրտունջ կհանձնի։ Ինչպես նաև կլինի ղեկավար, որ պրոռուսական գիծ չի տանի։ Քանի որ ՌԴ-ն չի ուսումնասիրում հարևան երկրների հասարակությունների հոգեբանությունը, այսպես կոչված «փափուկ ուժի» տեխնոլոգիաները չեն կիրառում, բնականաբար, իրենց համար շատ բան զարմանալի է լինում»,- նշեց քաղաքագետը։

Հարցին՝ արդյո՞ք Լավրավի խոսքից կարելի է ենթադրել, որ Ռուասատանն արդեն սկսել է «փափուկ ուժի» տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում։ Առնվազն, հաշվի առնելով մի քանի միտք՝ ՌԴ գլխավոր դիվանգետի ելույթից։ Օրինակ Լավրովն ասաց․ «Համոզված եմ, որ սա չի համապատասխանում հայ ժողովրդի և մեր շահերին՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում ապրող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության տեսակետից: Նրանց նպատակը, ովքեր այժմ Հայաստանի ղեկավարությանը հրապուրում են Արևմուտքի կողմը, պարզ է՝ թույլ չտալ կայունություն Հարավային Կովկասում, փորձել այս տարածաշրջանը դարձնել իրենց գերիշխանության գոտի, ինչպես դա անում է Արևմուտքը Կենտրոնական Ասիայում և մեր ընդհանուր մայրցամաքի շատ այլ մասերում»:

Արմեն Բադալյանը նշույլներ տեսնում է, բայց տեխնոլոգիայի հստակ կիրառություն՝ ոչ։ Նկարտում է՝ Արևմուտքն այստեղ տարիներ շարունակ հասարակական-քաղաքական կազմակերպություններ է հիմնել, թրեյնիգներ անցկացրել, տեխնոլոգիաներ կիրառել: Արդյունքում՝ նախորդ տարի դեկտեմբերին անցկացված հարցումները ցույց տվեցին, որ հայ հասարակությունը, Թուրքիայից և Ադրբեջանից հետո, ՌԴ-ին է համարում իր թշնամին։

«Ռուսատանը ՀՀ-ում ունի ազգային շահեր, ուստի հայ ժողովրդի հետ միշտ պետք է աշխատել։ Իրենք արդեն 20 և ավելի տարի բաց են թողել: Հիմա Արևմուտքից եկող վտանգները ՌԴ-ում քաջ գիտակցում են, սակայն դժվար է ասել, եթե այսօր սկսեն հասարակության հետ աշխատել՝ ինչ կկարողանան փոխել: Բայց սկսել պարտավոր են»,- նշեց Բադլյանը։

Vesti.am-ի այն դիտարկմանը, որ ՌԴ բարձր իշխանության ներկայացուցիչներն իրենց խոսույթում շարունակում են կրկնել, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա կարելի է ընկալել, որ ո՛չ ժողովուրը, ո՛չ իրենք համաձայն չեն դրան, սա ինչ-որ հույս թողնո՞ւմ է, որ ՌԴ-ն Ժողովրդի հետ աշխատելու է հենց Արցախը հարցի շուրջ, քաղաքագետը պատասխանեց. «Հենց այս իշխանությունը փոխվի՝ Արցախն ամբողջովին ազատագրվելու է և  շատ կարճ ժամանակում»:

Բազմաթիվ հարցերի, թե ինչպե՞ս՝ Ռուսաստանի աջակցությամբ, ՀՀ նոր իշխանության, հասարակական ցասման, Ադրբեջանի վախի և այլ բազում տարբերակների, ի պատասխան, քաղաքագետը մեկ պատասխան տվեց․ «այդպես»։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան